Օսլոյի համալսարանի գիտնականները մշակել են T-բջիջների իմունաթերապիա, որը կարող է ընտրողաբար ոչնչացնել CTNNB1S37F մուտացիայով քաղցկեղի տարբեր տեսակներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology (NatIm) բժշկագիտական  հանդեսում:

CTNNB1S37F մուտացիան հանդիպում է թոքերի, շագանակագեղձի, էնդոմետրիումի և այլ ծանր քաղցկեղների դեպքում: Գիտնականները գնահատում են, որ միայն Միացյալ Նահանգներում CTNNB1S37F մուտացիայով ​​ախտորոշվում են տարեկան ավելի քան 7000 նոր բուժառուներ: CTNNB1-ին առնչվող ազդանշանային ուղիները թիրախավորելու նախորդ փորձերը սահմանափակ էին ցածր յուրահատկության և կողմնակի ազդեցությունների պատճառով:

Գիտնականներն իրենց աշխատանքում առողջ դոնորների արյունից առանձնացրել են հազվագյուտ T բջիջներ, որոնք ունակ էին ճանաչելու CTNNB1S37F մուտացիայի կողմից արտադրված մուտանտ պեպտիդային մարկեր: Այդ պեպտիդը արտահայտվում է ուռուցքային բջիջների մակերեսին HLA մոլեկուլների միջոցով: Գենային տեխնոլոգիայի միջոցով հետազոտողները վերածրագրավորել են մարդու T բջիջները՝ արտահայտելու համար նույնականացված ընկալիչները:

Օրգանոիդների (բուժառուի հյուսվածքից աճեցված եռաչափ փոքր ուռուցքներ) և մարդկային ուռուցքներով փոխպատվաստված մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ մոդիֆիկացված T բջիջներն արդյունավետորեն ճանաչում և ոչնչացնում են մուտացված բջիջները, մինչդեռ առողջ հյուսվածքը մնում է անվնաս։

Զարգացումը հիմնված է HLA-ի երկու տարածված տարբերակների վրա, ինչը թերևս հնարավորոսւթյուն կտա թերապիան կիրառել բուժառուների լայն խմբի վրա։ Չնայած փորձարկումները ներկայում սահմանափակվում են լաբորատոր մոդելներով, գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունները կհարթեն նպատակային իմունաթերապիայի համապարփակ, անվտանգ և արդյունավետ ձևերի ճանապարհը։