200 000 դրամից ցածր աշխատավարձ ստացողների խումբը առողջության համապարփակ ապահովագրության համակարգում կընդգրկվի 2027–2028 թվականներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Տեսեք, երկու մոտեցում կա՝ կամ անել միանգամից բոլորի համար ամեն ինչ, կամ անել հերթով, երեք տարվա մեջ, բայց անել։ Եվ մենք գնացել ենք այս ճանապարհով, որ պետք է սկսել խումբ-խումբ անել, որովհետև մեր պետության հնարավորությունները, բյուջեն այդքանն է թույլ տալիս և լուծումը տալ երեք տարվա մեջ, քան թե սպասել մի իրավիճակի, երբ որ կունենանք 100% ամեն ինչ անելու հնարավորություն, և այս է եղել խնդիրը, որ 20 քանի տարի չի եղել», – նշեց Անահիտ Ավանեսյանը։

Խոսելով այն մասին, թե ով է վճարելու այս խմբի ապահովագրության համար, նախարարը նշեց, որ ապահովագրության համար պետության ֆինանսական բեռը ամեն տարի կսահմանվի բյուջեով, ըստ բյուջեի հնարավորությունների։ Նախատեսվում է, որ պետությունը կսուբսիդավորի այս խմբի ապահովագրավճարները։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Պետական առողջապահության գործակալության տնօրեն Սամվել Խարազյանը, պարզաբանելով, թե ինչու այս խումբը չի ներգրավվի ծրագրում առաջին փուլում, նշեց, որ քանի որ այս մարդկանց եկամուտները ցածր են, պետությունը նրանց ապահովագրավճարները պետք է սուբսիդավորի։

«Այդ սուբսիդավորման համար գումարը պետք է ներառվի բյուջեի մեջ։ Այդ սուբսիդավորման համակարգի ներդրման համար իրենք մնացին երկրորդ տարում։ Ինձ թվում է դա կատաստրոֆա չի լինելու», – ասաց նա, հավելելով, որ այս խումբը կազմում է մեր երկրում աշխատող անձանց մոտ 40 տոկոսը։