Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի (ՄԷԻ) գիտնականները մշակել են սրտի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման նոր համակարգ։ Նորարարությունը հիմնված է երկու անկախ մեթոդների համադրման վրա՝ լազերային ճառագայթման անալիզ և էլեկտրասրտագրերի (ԷՍԳ) հատուկ մշակում՝ սրտի էլեկտրական ակտիվության գրանցումներ, հաղորդում է «Նաուչնայա Ռոսիյա» պորտալը։ Այս մշակումը ներառում է հատուկ մաթեմատիկական մեթոդ, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է սիրտը գործում ժամանակի տարբեր պահերին։ Նման համադրությունը շատ ավելի ճշգրիտ տվյալներ է տալիս սրտի մկանային վիճակի մասին։
Սրտի աշխատանքը բարդ և փոփոխական գործընթաց է, որը բաղկացած է դրա տարբեր բաժինների՝ նախասրտերի, փորոքների և փականների ակտիվացման ու թուլացման փուլերից։ Էլեկտրասրտագրերի մաթեմատիկական մշակման մեթոդը թույլ է տալիս «բաժանել» ազդանշանը առանձին ժամանակային հատվածների և վերլուծել, թե ինչպես է իրեն դրսևորում սրտի յուրաքանչյուր հատվածը։ Դրա շնորհիվ հնարավորություն է առաջանում խնդիրները հայտնաբերել ամենավաղ փուլերում։
Նոր համակարգի գլխավոր առավելությունը երկու ալիքով անալիզն է։ Այն միավորում է լազերից ստացված տվյալները էլեկտրասրտագրերի մաթեմատիկական մշակման (վեյվլետ-ձևափոխության) արդյունքների հետ, ինչը ապահովում է սրտի առողջության մասին շատ ավելի ամբողջական և ճշգրիտ պատկեր։ Սա կօգնի ժամանակին հայտնաբերել շեղումները և ավելի շուտ սկսել բուժումը։
«Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի (ՄԷԻ) գիտնականների գործունեությունը չի սահմանափակվում էներգետիկ ոլորտով։ Մեր հետազոտողներն ամեն օր աշխատում են գիտության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բժշկության բնագավառում։ Մշակված լուծումների օգտագործումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել տվյալները սիրտանոթային համակարգի վիճակի մասին, բացահայտել սրտի գործունեության նորմայից վաղ շեղումները և ընդլայնել հիվանդությունների ախտորոշման մեթոդների հնարավորությունները», - նշել է ՄԷԻ ռեկտոր Նիկոլայ Ռոգալևը։
Ներկայումս պատրաստ է համակարգի աշխատանքային մակետը՝ մասնագիտացված էլեկտրասրտագրի և լազերային ախտորոշիչ համալիրի հիման վրա, ինչպես նաև էլեկտրասրտագրերի վերլուծության համար ծրագրային ապահովումը։ Մեթոդիկան արդեն փորձարկվում է սրտագրերի բաց տվյալների բազայի վրա։ Հետազոտությունները տարվում են ՄԷԻ ռադիոտեխնիկական սարքերի և ալեհավաքային համակարգերի ամբիոնում՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բրյուխովեցկու ղեկավարությամբ։






