Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, առնվազն երեք հնդկական նահանգներում արգելվել է հազի դեմ օշարակի վաճառքը, այն բանից հետո, երբ մի քանի երեխա է մահացել՝ ենթադրաբար դրա օգտագործումից հետո, տեղեկացնում է AFP-ն։

Օգոստոսի վերջից ի վեր Մադհյա Պրադեշ և Ռաջաստան նահանգներում օշարակ ստանալուց հետո մահացել է առնվազն ինը երեխա, բոլորը հինգ տարեկանից փոքր։

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ լաբորատոր վերլուծությունները ցույց են տվել դիէթիլենգլիկոլի (DEG) առկայություն, որը թունավոր նյութ է, օգտագործվում է արդյունաբերական լուծիչներում և կարող է մահացու վտանգավոր լինել նույնիսկ փոքր դոզաներով։

«Նմուշները պարունակում էին DEG-ի թույլատրելի սահմանից բարձր պարունակություն», - նշել է նախարարությունը։

Օշարակը վաճառվել է Coldrif Cough Syrup ապրանքանիշի ներքո և արտադրվել է Sresan Pharma ընկերության կողմից՝ հարավային Թամիլնադ նահանգի ձեռնարկությունում։

Մահերի մեծ մասը գրանցվել է Մադհյա Պրադեշում, որտեղ օշարակի, ինչպես նաև արտադրողի այլ արտադրանքի վաճառքն արգելվել է, ասել է նահանգապետ Մոհան Յադավը։

Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել Թամիլ Նադուի և Կերալայի իշխանությունների կողմից։

Հնդկաստանում արտադրված հազի դեմ օշարակները վերջին տարիներին գրավել են համաշխարհային ուշադրությունը. երեխաների մահվան նմանատիպ դեպքեր են գրանցվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Գամբիայում, որտեղ 2022 թվականին ավելի քան 70 երեխա է մահացել հնդկական օշարակ օգտագործելուց հետո։