Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ երկու անգամ կորոնավիրուս ունեցած երեխաներն ու դեռահասները երկարատև բարդությունների կրկնակի ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնք հայտնի են որպես երկարատև քովիդ։
Բացի այդ, հենց այդ վիճակն էլ բազմապատկում է սրտի, երիկամների և անոթների ծանր հիվանդությունների հավանականությունը։
The Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակված աշխատանքը ցույց է տվել, որ «երկարատև COVID» ունեցող երեխաների մոտ միոկարդիտի՝ սրտի մկանաբորբի ռիսկը եռապատկվում է։ Նրանց մոտ նաև երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում թրոմբներ, սրտի ռիթմի խանգարումներ և այլ վտանգավոր բարդություններ։
Հետազոտողները վերլուծել են ավելի քան 465,000 երեխաների և դեռահասների բժշկական տվյալները՝ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հոկտեմբերը ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ «օմիկրոնի» ալիքի ընթացքում։ Նրանցից ավելի քան 58,000-ը կրկին վարակվել են վիրուսով։ Պարզվել է, որ հենց կրկնակի վարակումն է զգալիորեն բարձրացնում հետագա «երկարատև COVID» ախտորոշման ռիսկը։
Գիտնականները նշում են, որ ուսումնասիրության արդյունքները հերքում են տարածված այն կարծիքը, որ երեխաների մոտ COVID-19-ը մեղմ է ընթանում և հետևանքներ չի թողնում։
Ավելին, հետազոտողները մտադիր են երկար ժամանակ դիտարկել երեխաներին և ստուգել, թե արդյոք «երկարատև COVID»-ի ռիսկը կփոխվի վիրուսի նոր շտամների ի հայտ գալով։ Բացի այդ, նրանք պլանավորում են ուսումնասիրել քրոնիկ բարդությունների կանխարգելման հնարավոր միջոցները։






