Երեք դեղամիջոցների՝ նիրապարիբի թիրախային դեղամիջոցի և աբիրատերոնի ու պրեդնիզոլի ստանդարտ թերապիայի համադրությունը՝ շագանակագեղձի քաղցկեղի ամենավտանգավոր ձևերից մեկի զարգացումը զգալիորեն դանդաղեցնելու ունակություն է ցուցադրել։ Այս եզրակացությանն են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Nature Medicine ամսագրում։
Հետազոտությանը, որն ընդգրկել է 32 երկրի 696 տղամարդու տվյալներ, մասնակցել են շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղով պացիենտներ, որոնց մոտ հայտնաբերվել են մուտացիաներ վնասված ԴՆԹ-ի վերականգնման համար պատասխանատու գեներում՝ այսպես կոչված հոմոլոգիական ռեկոմբինացիայի մեխանիզմում (ՀՌՄ)։ Այդ գեների խախտումները ուռուցքն ավելի ագրեսիվ ու դիմացկուն են դարձնում ստանդարտ թերապիայի նկատմամբ։
Կլինիկական փորձարկման ընթացքում մասնակիցների կեսը ստացել է ստանդարտ բուժում (աբիրատերոն + պրեդնիզոն), իսկ մյուս կեսը՝ նույն սխեման՝ ավելացրած նիրապարիբ, որը PARP ինհիբիտորների դասի դեղամիջոց է և ազդում է ԴՆԹ-ի վերականգնման դեֆեկտներ ունեցող ուռուցքային բջիջների վրա։
30 ամիս դիտարկումից հետո գիտնականները պարզել են, որ նիրապարիբի ավելացումը 37%-ով նվազեցրել է հիվանդության զարգացման ռիսկը՝ համեմատած ստանդարտ բուժման հետ, իսկ BRCA1/2 մուտացիաներ ունեցող պացիենտների շրջանում՝ գրեթե 48%-ով։ Միևնույն ժամանակ, համակցված թերապիա ստացող պացիենտների մոտ ախտանշանների վատթարացման ժամանակը երկու անգամ ավելի երկար է եղել (վատթարացումը նկատվել է 16%-ի դեպքում՝ ընդդեմ 34%-ի վերահսկիչ խմբում)։
«Թեև թերապիայի ստանդարտ սխեմաները արդյունավետ են պացիենտների մեծամասնության համար, ՀՌՄ-գեների մուտացիաներով հիվանդների մոտավորապես քառորդ մասը զգալիորեն ավելի վատ է արձագանքում բուժմանը։ Նիրապարիբի ավելացումը թույլ է տալիս հետաձգել ռեցիդիվը և պոտենցիալ երկարացնել կյանքը»,- նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Գերհարդտ Ատտարդը։
Նրա խոսքով՝ ստացված տվյալները հաստատում են ախտորոշում կայացնելիս գենետիկ թեստավորման անհրաժեշտությունը։
«Եթե պացիենտի մոտ այդ գեներից մեկում մուտացիաներ են հայտնաբերվում՝ բժիշկները կարող են քննարկել նիրապարիբ նշանակելու հնարավորությունը՝ մանրակրկիտ կշռադատելով օգուտն ու հնարավոր կողմնակի ազդեցությունները»,- հավելել է նա։






