Միջազգային գիտնականների թիմը գտել է անդրոգենետիկ ալոպեցիայի կամ տղամարդկանց և կանանց մոտ ճաղատության բուժման համար կիրառվող հիմնական դեղամիջոցի՝ մինօքսիդիլի արդյունավետությունը բարձրացնելու միջոց։ Պարզվել է, որ մեղրախոտ (ստևիա) բույսից ստացվող բնական քաղցրացուցիչը՝ ստևիոզիդը, բարելավում է մինօքսիդիլի ներթափանցումը մաշկի միջով և ուժեղացնում դրա ազդեցությունը։ Աշխատանքը հրապարակվել է Advanced Healthcare Materials (AHM) ամսագրում։
Մինօքսիդիլը՝ սփրեյների և լուծույթների տեսքով, լայնորեն օգտագործվում է մազերի աճը խթանելու համար, սակայն դրա վատ լուծելիությունը և մաշկի միջով ցածր թափանցելիությունը սահմանափակում են թերապիայի արդյունավետությունը։ Այս խնդիրը լուծելու համար հետազոտողները մշակել են լուծվող պլաստիր, որը պարունակում է մինօքսիդիլի և ստևիոզիդի համակցություն։
Ճաղատության մկանային մոդելի վրա կատարված փորձում նման պլաստիրը խթանել է մազի ֆոլիկուլների անցումը աճի ակտիվ փուլ, ինչը հանգեցրել է նոր մազերի ի հայտ գալուն։
«Ստևիոզիդի օգտագործումը՝ մինօքսիդիլի ներթափանցումը բարելավելու համար, հեռանկարային քայլ է դեպի մազաթափության դեմ ավելի արդյունավետ և միևնույն ժամանակ բնական միջոցների ստեղծում, որոնք կարող են օգնել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,- նշել է հետազոտության համահեղինակ, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Լիֆենգ Կանը։






