Համացանցից և թվային տեխնոլոգիաներից օգտվել իմացող տարեց մարդիկ ճանաչողական կարողությունների ավելի բարձր մակարդակ են ցուցաբերում և ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայից: Նման եզրակացության է հանգել է գիտնականների միջազգային խումբը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Psychiatric Research (JPR) բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են Չինաստանի առողջապահության և կենսաթոշակային ոլորտի (China Health and Retirement Longitudinal Study) լայնածավալ երկայնական ուսումնասիրության ավելի քան 9000 մասնակիցների տվյալները, որը ներառում էր երկրի 28 նահանգների 45 տարեկան և բարձր բնակիչներ: Մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ նրանք, ովքեր պարբերաբար օգտագործում էին թվային տեխնոլոգիաներ (կարդում էին նորություններ, փոխանակում հաղորդագրություններ, դիտում տեսանյութեր, խաղում առցանց խաղեր և օգտտվում ֆինանսական ծառայություններից) և նրանք, ովքեր ընդհանրապես յոլա էին գնում առանց համացանցի:
Արդյունքները ցույց են տվել, որ թվային տեխնոլոգիաներից օգտվող տարեց մարդիկ աչքի են ընկնում հիշողության և կենտրոնացման ավելի բարձր մակարդակով և ավելի լավ էին կատարում պլանավորում և բազմակի առաջադրանքներ պահանջող հանձնարարություններ: Մնացած մասնակիցների շրջանում, ընդհակառակը, ավելի հաճախ էին դիտվում ճանաչողական անկման նշաններ և արտահայտված դեպրեսիվ ախտանիշներ:
Հեղինակների կարծիքով՝ այս արդյունքները հաստատում են թվային գրագիտության կարևոր դերը տարեց հասակում: Ժամանակակից հասարակությունում, որտեղ հաղորդակցության և տեղեկատվության ձեռքբերման զգալի մասը տեղի է ունենում առցանց, թվային գրագիտության անբավարարությունը հանգեցնում է սոցիալական մեկուսացման, ինչն, իր հերթին, կարող է սրել դեպրեսիվ խանգարումները և արագացնել ճանաչողական ունակությունների անկումը:






