Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք նախկինում հիմնականում ախտորոշվում էին տարեց մարկանց շրջանում, այժմ ավելի ու ավելի հաճախ են ախտորոշվում 50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում։
ԱՄՆ կառավարության այս տարվա սկզբին հրապարակած հետազոտությունն ուսումնասիրել է 15-49 տարեկան բուժառուների շրջանում երկու միլիոնից ավելի քաղցկեղի ախտորոշումներ 2010-2019 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։
Քաղցկեղի 33 տեսակներից 14-ը ցույց են տվել աճ երիտասարդ տարիքային խմբերում, որտեղ վաղ սկսվող դեպքերի մոտ 63%-ը տեղի է ունեցել կանանց շրջանում: Փորձագետները ենթադրում են, որ այս վիճակագրությունը պայմանավորված է գերախտորոշմամբ, այլ ոչ թե մահացու հիվանդությունների իրական աճով: JAMA Internal Medicine-ում հրապարակված հետազոտությունն ուսումնասիրել է ութ արագ աճող քաղցկեղներ՝ վահանաձև գեղձի, հետանցքի, երիկամների, բարակ աղիքի, հաստ աղիքի, էնդոմետրիումի, ենթաստամոքսային գեղձի և միելոմայի՝ 50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում։
Պարզվել է, որ չնայած վերանշյալ քաղցկեղի տեսակներով ախտորոշված դեպքերի թիվը 1992 թվականից ի վեր մոտավորապես կրկնապատկվել է, մահացության մակարդակը մնացել է կայուն, հաղորդում է Euronews-ը։ Դա ենթադրում է, որ դեպքերի աճը պայմանավորված է նախկինում եղածի համեմատ ավելի լավ ախտորոշմամբ, այլ ոչ թե հիվանդացության իրական աճով։
Օրինակ՝ վահանաձև գեղձի և երիկամների քաղցկեղի դեպքում ախտորոշված դեպքերի կտրուկ աճ է գրանցվել՝ առանց մահացության սպասվող համապատասխան աճի, նշում են մասնագետները։ Նմանապես, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը ևս աճել են 50 տարեկանից փոքր կանանց շրջանում, սակայն վերջին 30 տարիների ընթացքում նոր բուժումների շնորհիվ այդ խմբում մահացությունը կիսով չափ նվազել է։ Սակայն կան բացառություններ։ Հաստ աղիքի և էնդոմետրիումի քաղցկեղը ցույց է տվել մահացության փոքր, բայց հաստատուն աճ։
Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ երիտասարդների շրջանում քաղցկեղը որպես համաճարակ դիտարկելը կարող է չափազանցնել խնդիրը, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, մասնավորապես՝ խուճապի և ավելորդ ինվազիվ միջամտությունների, որոնք հուզական, ֆիզիկական և ֆինանսական բեռ են դառնում բուժառուների համար։






