Պաստերի ինստիտուտի և ֆրանսիական Inserm ինստիտուտի գիտնականները մշակել են մի մեթոդ, որը թույլ է տալիս վերածրագրավորել քաղցկեղային B-բջիջների մահը այնպես, որ դրանք ակտիվացնեն պացիենտի իմունիտետը և օգնեն պայքարել ուռուցքի դեմ։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Ապոպտոզի սովորական ձևը («լուռ» բջջային մահ) իմունային ռեակցիա չի առաջացնում։ Նոր մոտեցմամբ գիտնականները խթանում են նեկրոպտոզը՝ «բարձր» մահվան մի ձև, որի դեպքում բջիջներն անհանգստության ազդանշաններ են արձակում, որոնք գրավում են իմունային բջիջներին՝ մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։

Սակայն չարորակ B-բջիջներում հաճախ բացակայում է MLKL սպիտակուցը, որն անհրաժեշտ է նեկրոպտոզն սկսելու համար։ Այս խոչընդոտը շրջանցելու համար հետազոտողներն օգտագործել են կլինիկական պրակտիկայում արդեն կիրառվող երեք դեղամիջոցների համադրություն։ Դրանց ազդեցության ներքո նեկրոպտոզը գործարկվում է նույնիսկ այն քաղցկեղային բջիջներում, որոնք նախկինում դիմադրում էին մահվան այդ ուղուն։

Ինչպես բացատրում է նախագծի ղեկավար Ֆիլիպ Բուսոն, «մենք քաղցկեղային բջիջներին ստիպում ենք մահանալ այնպես, որ դրանք գործարկեն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան»։

Աշխատանքի հեղինակները կարծում են, որ իրենց մեթոդը կարող է հիմք հանդիսանալ նոր իմունաթերապևտիկ մոտեցումների համար՝ լիմֆոմաների և լեյկեմիաների այն տեսակների դեպքում, որոնցով ախտահարվում են B-բջիջները։