Լոնդոնի Կայսերական քոլեջի, MRC Unit The Gambia-ի, Բուրկինա Ֆասոյի Նանորո կլինիկական հետազոտական միավորի, ProtonDx Ltd-ի եւ NIHR Global Health Research Group-ի գիտնականները մշակել եւ թեստավորել են նոր, ոչ թանկ ախտորոշիչ թեստ՝ Dragonfly անվանմամբ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Թեստը թույլ է տալիս արագ եւ ստույգ պարզել մալյարիայի վարակները, անգամ եթե դրանք անախտանիշ են ընթանում։ Արդյունքները կարելի է ստանալ ընդամենը 45 րոպեում, եւ թեստը բավական զգայուն է՝ արյան մեջ մակաբույծների անգամ նվազագույն մակարդակները հայտնաբերելու համար։

Dragonfly-ն օգտագործում է Կայսերական քոլեջի եւ նրա դուստր ProtonDx ընկերության տեխնոլոգիան եւ չի պահանջում բարդ լաբորատոր սարքավորումներ։

Մալյարիան աշխարհում կանխվող մահերի առաջատար պատճառներից մեկն է մնում, ընդ որում՝ բոլոր դեպքերի մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Աֆրիկային։ Անախտանիշ վարակները հիվանդության շարունակվող տարածման հիմնական գործոնն են, քանի որ ախտանշաններ չունեցող մարդիկ բուժօգնություն չեն փնտրում։ Նման մարդկանց արյամբ սնվող մլակները կարող են մակաբույծը փոխանցել այլ մարդկանց կծելու միջոցով։ Նոր տեխնոլոգիան հույս է ներշնչում վարակի այդ պոտենցիալ տարածման դեմ պայքարի համար՝ տրամադրելով միջոց, որը թույլ է տալիս արագ պարզել մալյարիայի մինչ այդ չպարզված դեպքերն այն երկրներում, որոնք առավել շատ են տուժել այդ հիվանդությունից։