Տարիքի հետ ուղեղի ձևի փոփոխությունները կարող են կապված լինել դեմենցիայի զարգացման ռիսկի հետ։ Այս եզրակացությանն են հանգել Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանի (UC Irvine) և Իսպանիայի Լա-Լագունա համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում։
30-ից մինչև 97 տարեկան մարդկանց ուղեղի ավելի քան 2600 ՄՌՏ-սկանավորման վերլուծությունը թույլ է տվել գիտնականներին հետևել, թե ինչպես է ուղեղը ձևափոխվում տարիքի հետ և ինչպես է դա համապատասխանում կոգնիտիվ թեստերի արդյունքներին։ Պարզվել է, որ ուղեղի ձևի փոփոխությունները տեղի են ունենում անհավասարաչափ ձևով. որոշ շրջաններ կծկվում են, մյուսները՝ ընդլայնվում և կոգնիտիվ անկման նշաններ ունեցող մարդկանց մոտ այդ աղավաղումներն ավելի ուժեղ են արտահայտվում։
«Մենք հայտնաբերեցինք, որ ուղեղի եռաչափ ձևը համակարգված կերպով փոխվում է տարիքի հետ և այս փոփոխությունները խորապես ազդում են հիշողության և դատողության ունակության վրա»,- բացատրում է Լա-Լագունա համալսարանի նյարդակենսաբան Նիլս Յանսենը։
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել էնտորինալ կեղևին՝ ուղեղի մի հատված, որը կարևոր դեր ունի հիշողության կարգավորման գործում։ Էնտորինալ կեղևը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ առաջիններից մեկն է։ Գիտնականների կարծիքով, ուղեղի ձևի տարիքային փոփոխությունները կարող են ճնշում գործադրել այս խոցելի հատվածի վրա՝ պայմաններ ստեղծելով թունավոր սպիտակուցների կուտակման և վնասվածքների համար։
«Եթե ծերացող ուղեղը դեֆորմացվում է այնպես, որ էնտորինալ կեղևը «սեղմվում» է, դա կարող է բացատրել, թե ինչու է այն դառնում Ալցհայմերի հիվանդության ախտաբանության էպիկենտրոն», - նշում է UC Irvine-ի նյարդաբան Մայքլ Յասսան։
Հեռանկարում հետազոտությունը կարող է փոխել նյարդադեգեներատիվ հիվանդությունների ախտորոշման մոտեցումը։ Հեղինակները շեշտում են, որ ուղեղի երկրաչափությունը հասկանալը կարող է առանցքային դեր խաղալ դեմենցիայի վաղ հայտնաբերման գործում, այլ ոչ միայն դրա հետևանքները գնահատելիս։






