Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են նեյրոնների մի խումբ, որոնց արգելափակումն օգնում է թեթևացնել քրոնիկ ցավը, ներառյալ գլխացավը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature պորտալում։

Լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ընթացքում գիտնականները բացահայտել են նյարդային բջիջների հատուկ պոպուլյացիա, որոնք ակտիվանում էին սկզբնական ցավային գրգռումից հետո, օրինակ՝ նյարդի վնասման դեպքում։ Նեյրոնների այս խումբն ակտիվ է մնացել նույնիսկ ազդեցության ավարտից հետո։

Այդ բջիջները բաշխված էին գլխուղեղի պարաբրախիալ կորիզի ողջ տարածքում։ Այս հատվածը մասնակցում է ցավային ազդանշանների փոխանցմանը, ինչպես նաև շնչառության, քնի, վախի ռեակցիայի և այլ հիմնական ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորմանը։

Գիտնականները հայտնաբերել են, որ նեյրոնները պարունակում էին նեյրոպեպտիդ Y (Y1R ընկալիչներ) ազդանշանային մոլեկուլի ընկալիչներ։ Երբ հետազոտողները արհեստականորեն ակտիվացնում էին այդպիսի ընկալիչներով նեյրոնները, մկների մոտ նկատվում էր ցավային զգացողություններին բնորոշ վարք։ Այս նեյրոններն արգելափակելիս քրոնիկ ցավի դրսևորումները թուլանում են, սակայն վտանգավոր գրգռիչների նկատմամբ (օրինակ՝ տաք մակերեսին դիպչելը) սուր ցավային ռեակցիան պահպանվում է։

«Y1R նեյրոններն ինքնին ցավ չեն առաջացնում, բայց մասնակցում են կայուն ցավային ազդանշանի ձևավորմանը։ Դրանք կարող են համարվել քրոնիկ ցավի ընկալման հետ կապված ավելի լայն նեյրոնային ցանցի մի մասը»,- նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ջերեմի Բեթլին։

Առանձին փորձերի շարքում որոշ մկների, որոնք ունեցել են մշտական ցավի նշաններ, ենթարկել են տարբեր սթրեսային ազդեցությունների, օրինակ՝ զրկել են ուտելիքից ու ջրից կամ տեղավորել գիշատչի մեզի հոտով միջավայրում։ Այս պայմանները հանգեցրել են ցավային ռեակցիայի նվազման. քաղց զգացող կենդանիները վնասվածքից երկու շաբաթ անց չեն արձագանքել վնասված վերջույթներին հպվելուն։ Սա գիտնականներին թույլ է տվել ենթադրել մկների մոտ ցավը ճնշելու բնածին մեխանիզմի առկայություն, որն ակտիվանում է երկարատև քաղցի ժամանակ։

Հետազոտողների խոսքով՝ հայտնագործությունը կարող է օգտակար լինել քրոնիկ ցավի մոլեկուլային մեխանիզմների հետագա ուսումնասիրության համար։ Հեռանկարում Y1R նեյրոնների արգելափակումը կարող է արդյունավետ լինել նաև մարդկանց համար, սակայն այս վարկածը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձեր։