Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ուշադրություն դարձնել ուղեղի առողջությանը՝ նշելով, որ աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ տառապում է նյարդաբանական հիվանդություններից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

ԱՀԿ-ի գնահատականներով՝ նյարդաբանական խանգարումներն ազդում են աշխարհի բնակչության ավելի քան 40%-ի վրա և տարեկան ավելի քան 11 միլիոն մահվան պատճառ են դառնում։ Ամենամեծ վնաս պատճառող հիմնական հիվանդություններից են կաթվածը, միգրենը, Ալցհայմերի հիվանդությունը և դեմենցիայի, մենինգիտի և իդիոպաթիկ էպիլեպսիայի այլ ձևերը։

Սակայն շատ երկրներում առողջապահությունը բախվում է զգալի խոչընդոտների՝ կառուցվածքային թերզարգացածության, թերֆինանսավորման և սոցիալական ստիգմատիզմի, որը մարդկանց խանգարում է դիմել բժշկական օգնության։ ԱՀԿ-ն նշում է, որ միայն 63 երկիր ունի նյարդաբանական հիվանդություններին առնչվող ազգային քաղաքականություն, և միայն 34-ն է հատուկ ֆինանսավորում հատկացնում դրանց համար։

Իրավիճակը հատկապես սուր է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ նյարդաբանների պակասը տասն անգամ ցածր է, քան հարուստ երկրներում։ Հետազոտությունների անտեսումը և թերֆինանսավորումը խոչընդոտում են ազգային ռազմավարությունների և նյարդաբանական հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակմանը։

ԱՀԿ-ն կառավարություններին կոչ է անում առաջնահերթություն տալ ուղեղի առողջությանը, ներդրումներ կատարել ախտորոշման և բուժման հասանելիության ընդլայնման, խնամողներին աջակցելու և մոնիթորինգի համակարգերը ամրապնդելու համար՝ հիմնավորված որոշումներ ընդունելու համար։