2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կայանալիք Cardiology Academy Tomorrow (CardiActo) միջազգային համաժողովին Հայաստանից կմասնակցեն «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանն ու բուժական գծով փոխտնօրեն Խաչիկ Համբարձումյանը։

bl10.jpg (124 KB)
bl2.JPG (120 KB)

Համաժողովի նախագահը հայտնի իտալացի սրտաբան,  պրոֆեսոր Ալֆրեդո Գալասին է, https://med.news.am/arm/news/39134/qronik-pak-anotneri-verakangnum-aranc-bac-virahatutyan-galassin-krkin-hayastanum-e.html, որն արդեն մի քանի տարի պարբերաբար այցելում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն, տեղի բժիշկների հետ բարդ վիրահատություններ է կատարում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնց հեղինակը հենց ինքն է։

Ինչպես NEWS.am Medicine-ին տեղեկացրեց Խաչիկ Համբարձումյանը, ինքն ու գլխավոր բժիշկը ոչ միայն հանդես կգան զեկույցներով, այլև կնախագահեն սեսիաներում, և կլինեն քննարկումների մոդերատորներ։ Նրանք նաև մասնակցել են համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, և մեծ պատիվ են համարում համաժողովի նախագահի և եվրոպացի այլ գործընկերների այդպիսի վստահությունը։

bl7.JPG (105 KB)

«Դա իհարկե մեծ պատիվ է։ Իմ խորին համոզմամբ մեր կարգավիճակի բժիշկների համար գնահատանքի լավագույն ցուցանիշներից է, երբ համաշխարհային հռչակ ունեցող մարդիկ, որոնք մեր օրերի Լոմոնոսովներն են, մեր օրերի Ռեզերֆորդերն են... Իսկապես դա այդպես է. իրենք գիտնական են, ոչ միայն լավ ձեռք ունեն, լավ բժիշկ են, իրենք բժշկության մեջ փիլիսոփայություն են փոխում, բժշկության մեջ նորարարություններ են մտցնում, գյուտեր են անում։ Պրոֆեսոր Գալասին մոտ 15 գյուտի հեղինակ է, և շատ մեծ պատիվ է իհարկե նման մարդկանց կողմից գնահատվելը», – ասաց նա։

bl8.JPG (101 KB)

Համաժողովը բաղկացած է երկու մասից։ Առաջինը նվիրված է ինտերվենցիոն սրտաբանությանը, և այս բաժնում կներկայացվեն ու կքննարկվեն բարդ դեպքեր, ինչպես նաև կլինեն ուղիղ միացումներ եվրոպական տարբեր վիրահատարաններից, և համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան բարդ վիրահատություններին հետևել օնլայն։ Դա, ըստ Խաչիկ Համբարձումյանի, վիրահատող բժիշկներից մեծ համարձակություն է պահանջում, որովհետև մի բան է ուղղակի պատմել արդեն կատարած վիրահատության մասին, մեկ այլ բան է կատարել այն ուղիղ եթերում, չվախենալով հնարավոր բարդություններից։

Երկրորդ մասը նվիրված է թերապևտիկ սրտաբանությանը, դեղորայքային բուժման արդյունավետությանը, թերապևտիկ ու ինտերվենցիոն սրտաբանության համադրմանը։

Cardiology Academy Tomorrow համաժողովը, ինչպես նշեց Խաչիկ Համբարձումյանը, սրտաբանության վաղվա օրվա մասին է, և այդ ապագայում շեշտը դրվելու է ոչ միայն նորագույն բուժական մեթոդների, այլև հիմնականում հիվանդության կանխարգելման վրա։

bl6.JPG (126 KB)