Չինաստանի՝ եկամուտ ձեռք բերելու նպատակով արեւադարձային երկներ մեկնած միջին տարիքի բնակիչներից մեկը վեց ամիս անց վերադառնալիս ոչ միայն ձեռք բերված ողջ գումարն է իր հետ բերել, այլ նաեւ ՝ անկոչ հյուրերի, որոնց թիվը երկու տասնյակի է հասնում:

The Dailу Mail-ի հաղորդմամբ, Մա ազգանունը կրող տղամարդը՝ Չինաստանի Գուանչժոու քաղաքից, բժշկի օգնությանն է դիմել՝ Աֆրիկայից վերադառնալուց հետո ի հայտ եկած մաշկային քորը բուժելու եւ թարախակույտերը հեռացնելու խնդրանքով: 

Բժիշկը հակաբորբոքային դեղամիջոցներ է նշանակել, որոնց, ավաղ, երկու շաբաթվա ընթացքում որեւէ օգուտ չեն տվել տղամարդուն: Ճարահատյալ չինացին ի վերջո Շենչժեն քաղաքում գործող բուժհաստատություններից մեկի մաշկաբանին է դիմել. վերջինս ենթադրել է, որ մաշկային ցանի պատճառն իրականում ոչ թե ալերգիկ ռեակցիան է, այլ՝ Cordylobia anthropophaga ճանճի թրթուրի հրահրմամբ ի հայտ եկող միազը, որ կորդիլոբիոզ անվամբ է հայտնի: Կարճ ժամանակ անց նախնական ախտորոշումը հաստատվել է:

Մի փոքր ավելի ուշ իրականացված վիրաբուժական միջամտության արդյունքում տղամարդու մաշկի տակից Տումբու արեւադարձային ճանճի քսան թրթուրներ են հեռացվել: Էգ տումբուները սովորաբար մեզով եւ կղանքով շաղախված հողի մեջ են ձվադրում, սակայն ձվերն այնուհետեւ կաթնասունների մաշկի տակ ներթափանցելու հատկություն են դրսեւորում:

Առավել հաճախ վերը նկարագրված ներթափանցման զոհը առնետներն են դառնում, սակայն մարդու օրգանիզմը եւս չափազանց հարմար է՝ ախտահարման համար: Օրգանիզմ անցնելով, թրթուրները սկսում են ուռուցքներ առաջացնել՝ ենթամաշկային հյուսվածքներում: