Հիլի սերմերի թուրմը կարող է ակտիվացնել օրգանիզմի բնական պաշտպանությունը և ուժեղացնել վիրուսային վարակների դեմ իմունային պատասխանը։ Այս եզրակացությանն են հանգել Շինշու համալսարանի գիտնականները՝ S&B Foods-ի հետ համագործակցությամբ։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Foods գիտական ամսագրում։
Հետազոտողները պարզել են, որ հիլի տաք ջրային թուրմը, ինչպես նաև դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ 1,8-ցինեոլը, խթանում են I տիպի ինտերֆերոնների արտադրությունը։ Այս ազդանշանային մոլեկուլները կարևոր դեր են խաղում բնածին իմունիտետի համակարգում. դրանք օգնում են բջիջներին հայտնաբերել վիրուսային ՌՆԹ-ն և ԴՆԹ-ն, իսկ այնուհետև արգելափակել վիրուսների բազմացումը դեռևս վարակման վաղ փուլերում։
Լաբորատոր փորձերում՝ մարդու թոքային հյուսվածքի բջիջների վրա, գիտնականները տեսել են, որ նույնիսկ համեմունքների բնական միացությունները կարող են գործարկել բարդ իմունային ռեակցիաներ, որոնք նման են դեղագործական դեղամիջոցներով առաջացածներին։ Ընդ որում, հիլը, ի տարբերություն սինթետիկ միջոցների, ունի անվտանգության բարձր պրոֆիլ և կարող է օգտագործվել սննդամթերքի կամ կենսաբանորեն ակտիվ հավելումների կազմում։
Հեղինակներն ընդգծում են, որ իրենց բացահայտումը նոր հնարավորություններ է բացում վիրուսային հիվանդությունների կանխարգելման համար, հատկապես ավանդական հակավիրուսային դեղամիջոցների նկատմամբ կայունության աճի պայմաններում։ Սակայն մինչ հիլը որպես բուժական միջոց առաջարկելը, անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական հետազոտություններ։






