Ըստ Mass General Brigham-ի նոր ուսումնասիրության՝ ճարպակալման նոր, ընդլայնված սահմանման կիրառումը կարող է ճարպակալումից տառապող դասակարգել մեծահասակ ամերիկացիների գրեթե 70%-ին՝ նախկին՝ շուրջ 40%-ի փոխարեն: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Lancet Diabetes and Endocrinology Commission ամսագրում։

Ավանդաբար, ճարպակալումը սահմանվում էր մարմնի զանգվածի ինդեքսով (BMI)՝ քաշի և հասակի հարաբերակցությամբ։ Այնուամենայնիվ, նոր մոդելը հաշվի է առնում ոչ միայն BMI-ն, այլև ճարպի բաշխումը՝ այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են իրանի շրջագիծը, իրանի և հասակի հարաբերակցությունն ու իրանի և ազդրերի հարաբերակցությունը։

Հետազոտողները վերլուծել են All of Us խմբի ավելի քան 300 000 մարդու տվյալները։ Հին մոդելով՝ որպես ճարպակալում ունեցող է դասակարգվել մասնակիցների 42.9%-ը, մինչդեռ ըստ նոր մոդելի՝ 68.6%-ը։ Աճը հատկապես նկատելի է տարեց մեծահասակների շրջանում. 70 տարեկանից բարձր մեծահասակների գրեթե 80%-ը կհամապատասխանի նոր չափանիշին։

Կարևոր է, որ նրանցից շատերը, ովքեր նախկինում չէին համապատասխանում մարմնի զանգվածի ճարպակալման ինդեքսի չափանիշներին, այժմ դասակարգվում են որպես «անատոմիապես ճարպակալած»՝ մարմնի զանգվածի նորմալ ինդեքսով և բարձրացած անթրոպոմետրիկ պարամետրերով: Նոր մոդելում նրանք նաև շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և մահացության՝ ավելի բարձր ռիսկի տակ են՝ համեմատած չճարպակալած անձանց հետ։

Հոդվածի հեղինակները նշում են, որ նոր մոտեցումը փորձ է ավելի ճշգրիտ գրանցելու այն ավելորդ ճարպը, որը մարմնի զանգվածի ինդեքսը կարող է չհայտնաբերել: Նրանք ընդգծում են, որ օրգանիզմի ճարպը պարզապես թիվ չէ կշեռքի վրա. ճարպի բաշխումը նույնպես կարևոր է։

Հաջորդ քայլը կլինի ուսումնասիրելը, թե այս նոր դասակարգումն ինչպես կարող է օգնել նախկինում ճարպակալած չհամարվածների համար ճարպակալման կանխարգելման և բուժման լավագույն մեթոդներն ընտրելուն: