Ֆերմենտացված կեֆիրի եւ սննդային մանրաթելերի համադրությունը զգալիորեն ավելի արդյունավետ է նվազեցնում օրգանիզմում բորբոքումները, քան օմեգա-3 ճարպաթթուները կամ պրեբիոտիկներն առանձին-առանձին։ Այս եզրակացությանն են հանգել Նոթինգհեմի համալսարանի գիտնականները։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Translational Medicine ամսագրում։

Պրեբիոտիկները սննդային բաղադրիչներ են, որոնք չեն մարսվում կամ ներծծվում աղեստամոքսային տրակտի վերին հատվածներում։ Դրանք ֆերմենտացվում են մարդու հաստ աղիի միկրոֆլորայի կողմից՝ խթանելով դրա աճը եւ կենսագործունեությունը։

Փորձի ընթացքում կամավորները վեց շաբաթ շարունակ ընդունել են հավելումներից մեկը՝ օմեգա-3 ճարպաթթուներ, պրեբիոտիկային բջջանյութ կամ երկուսի համադրությունը (կեֆիր պրեբիոտիկներով): Միայն երրորդ խմբի մասնակիցներն են ունեցել արյան մեջ բորբոքային մարկերների կայուն նվազում եւ ընդհանուր ինքնազգացողության բարելավում։

Ինչպես նշել են հեղինակները, բաղադրիչների սիներգիան կարեւոր դեր է խաղում այս ազդեցության մեջ: Բջջանյութը հանդես է գալիս որպես սննդարար միջավայր կեֆիրում պարունակվող օգտակար միկրոօրգանիզմների համար՝ ուժեղացնելով դրանց ակտիվությունը: Արդյունքում՝ մեծանում է կարճ շղթայով ճարպաթթուների, ինչպիսին է բուտիրատը, արտադրությունը, որն օգնում է կարգավորել իմունային պատասխանը եւ նվազեցնել քրոնիկական բորբոքումը։

Գիտնականներն ընդգծել են, որ խոսքը հենց բաղադրիչների համադրության մասին է՝ կեֆիրը եւ սննդային մանրաթելերն առանձին վերցրած չեն ցուցաբերել էական ազդեցություն: Հետազոտողների կարծիքով՝ այս «սինբիոտիկ» մոտեցումը կարող է խոստումնալից մոտեցում լինել քրոնիկական բորբոքային հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: