Մեկ բաժակ սովորական ջուրը կարող է ակտիվացնել բերանի խոռոչի բնական պաշտպանական մեխանիզմները ընդամենը մեկ ժամում։ Այսպիսի եզրահանգման են եկել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Oral Health ամսագրում։

Փորձին մասնակցել է 5-10 տարեկան 105 երեխա, որոնք ենթարկվել են ատամնաբուժական կանխարգելիչ զննման: Թքի սկզբնական վերլուծությունից հետո երեխաները բաժանվել են երեք խմբի. մեկը ստացել է 500 միլիլիտր ջուր, երկրորդը՝ 200 միլիլիտր խնձորի հյութ, իսկ երրորդը վերահսկիչ խումբն էր: 45-60 րոպե անց հետազոտողները հավաքել են ավելի շատ թքի նմուշներ եւ վերլուծել դրանք յոթ հիմնական բնութագրիչների համար։

Ջուր խմած երեխաների մոտ նվազել են թքի թթվայնությունը եւ էմալը քայքայող ֆերմենտների մակարդակը: Միեւնույն ժամանակ, մասնակիցների մոտ բարձրացել է տեղային իմունիտետին մասնակցող պաշտպանիչ սպիտակուցների եւ իմունոգլոբուլինների մակարդակը բերանի խոռոչում: Ո՛չ խնձորի հյութը, ո՛չ էլ հեղուկի բացակայությունը նմանատիպ ազդեցություն չեն ունեցել:

Հեղինակները բացատրել են, որ ջուրը նպաստում է թքի pH-ի կարգավորմանը, վերականգնում է բերանի խոռոչի տեղային պաշտպանողականությունը եւ նվազեցնում օսմոլյարությունը։ Օսմոլյարությունը թքի մեջ լուծված նյութերի (օրինակ՝ աղերի, շաքարների, սպիտակուցների եւ այլ մոլեկուլների) խտության չափանիշն է։ Երբ երեխան խմում է քաղցր ըմպելիք, թքի օսմոլյարությունը մեծանում է՝ ավելացնելով դրա ակտիվ նյութերը։ Սա կարող է խաթարել նրա բնականոն կազմը եւ գործառույթը։

Գիտնականների կարծիքով՝ քաղցր ըմպելիքները ջրով փոխարինելը կարող է լինել հատկապես երեխաների ատամների փչացումը եւ լնդերի բորբոքային հիվանդությունները կանխելու արդյունավետ եւ մատչելի միջոց։