Վիսցերալ և լյարդային ճարպերը՝ անկախ քաշից, կարող են զգալիորեն բարձրացնել գլխուղեղը արյունով մատակարարող քնային զարկերակների հաստացման և խցանման ռիսկը։ Այս զարկերակների նեղացումը համարվում է ինսուլտի և ինֆարկտի կարևոր կանխորոշիչ գործոն։ Այս մասին ասվում է Մաքմասթերի համալսարանի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Communications Medicine (ComMed) ամսագրում։
Աշխատանքի շրջանակներում գիտնականները վերլուծել են Կանադայի և Մեծ Բրիտանիայի ավելի քան 33 հազար մարդու տվյալները, որոնք եղել են Առողջ սիրտ և միտք Կանադական դաշինքի (CAHHM) և Բրիտանական բիոբանկի մասնակիցներ։ Հետազոտողները նաև ուսումնասիրել են յուրաքանչյուր կամավորի գլխուղեղի և դրա անոթների ՄՌՏ սկանավորման արդյունքները։ Սա թույլ է տվել պարզել, թե ինչպես է ճարպի խորքային բաշխումը կապված զարկերակների վիճակի հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ վիսցերալ ճարպը սերտորեն կապված է աթերոսկլերոտիկ թիթեղիկների (բլյաշկաների) ձևավորման և զարկերակների պատերի հաստացման հետ։ Լյարդային ճարպը նույնպես ցույց է տվել նշանակալի, թեև պակաս արտահայտված կապ։ Գիտնականների խոսքով՝ նման կախվածությունը պահպանվել է նույնիսկ ապրելակերպի և նյութափոխանակային գործոնների ճշգրտումից հետո։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը կասկածի տակ է դնում մարմնի զանգվածի ինդեքսի հուսալիությունը՝ որպես ռիսկի ունիվերսալ ցուցիչ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած նորմալ քաշին և ստանդարտ չափանիշներով ճարպակալման բացակայությանը, թաքնված ճարպի առկայությունը կարող է լրջորեն մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։
«Նույնիսկ նորմալ ճնշման, խոլեստերինի մակարդակի և ռիսկի այլ ավանդական ցուցանիշների դեպքում, թաքնված ճարպային կուտակումները շարունակում են վնասել անոթները», - բացատրել է հետազոտության համահեղինակ, Մաքմասթերի համալսարանի պրոֆեսոր Ռասել դե Սոուզան։
Նրա խոսքով, ստացված տվյալները պետք է անհանգստացնող ազդանշան դառնան ինչպես բժիշկների, այնպես էլ լայն հանրության համար։ Գիտնականները բժիշկներին խորհուրդ են տալիս ավելի լայնորեն օգտագործել վիզուալիզացիայի մեթոդները (օրինակ՝ ՄՌՏ)՝ պացիենտների վիճակը գնահատելու համար և չսահմանափակվել ավանդական չափումներով՝ մարմնի քաշով և գոտկատեղի շրջագծով։






