2024 թվականի մարտին Կենտրոնական Գերմանիայի 44-ամյա բնակչուհին տեղափոխվել էր հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, ուժեղ հոգնածությամբ, փորլուծությամբ և երիկամային սուր անբավարարությամբ։ Նրան անհրաժեշտ էր ժամանակավոր դիալիզային թերապիա, սակայն ի վերջո նա լիովին ապաքինվել է։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նրա հիվանդության պատճառը եղել է Seoul virus-ը՝ հանտավիրուսի մի տեսակ, որը, ըստ գիտնականների գնահատականի, նա ամենայն հավանականությամբ ձեռք է բերել ախտանիշների ի հայտ գալուց մի քանի շաբաթ առաջ՝ դեկորատիվ առնետների մասնավոր բուծարան այցելելու ժամանակ։

Հազվագյուտ վիրուսի մասին հոդվածը հրապարակվել է «Emerging Infectious Diseases» ամսագրում։

Տեղական առողջապահական ծառայությունների, FLI ինստիտուտի և BNITM ինստիտուտի համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ վիրուսը հայտնաբերվել է այդ բուծարանի մի քանի առնետների մոտ։ Գենետիկական վերլուծությունը բացահայտել է վիրուսի հաջորդականությունների բարձր նմանություն կենդանու և հիվանդի մոտ։ Չնայած Seoul virus-ը տարածված է ամբողջ աշխարհում, Գերմանիայում մարդկանց վարակման դեպքերը մինչ այդ չափազանց հազվադեպ են եղել։

Վիրուսի փոխանցման հիմնական ուղին վարակված առնետների մեզով, կղանքով կամ թքով աղտոտված մանրագույն մասնիկներ շնչելն է եղել։ Մարդուց մարդուն փոխանցում չի գրանցվել։

«Շատ մարդիկ չգիտեն, որ դեկորատիվ առնետները կարող են լինել ախտածինների կրողներ, որոնք լուրջ հիվանդություններ են առաջացնում»,- նշել է պրոֆեսոր Ռայներ Ուլրիխը։

Նա ընդգծում է, որ կենդանիների պատասխանատու կերպով պահպանումը և լավ հիգիենան կարևոր են նոր դեպքերի կանխարգելման համար։

Իր հերթին, վարակիչ համաճարակաբանության ինստիտուտի մանրէաբանության մասնագետ Մարիո Հյոնեմանը նշում է, որ բժշկական և անասնաբուժական ծառայությունների միջև համագործակցությունը առանցքային դեր է խաղացել այս դեպքի հանգամանքները պարզելու գործում։