Ռուս անվանի բժիշկ եւ հումանիստ Լեոնիդ Ռոշալն այսօր, նոյեմբերի 7–ին,  Երեւանի պետական բժշկական համալսարանում կազմակերպված համաժողովի ժամանակ պարգեւատրվել է համալսարանի ոսկե մեդալով՝ առողջապահության եւ բժշկագիտության զարգացման գործում, ինչպես նաեւ հանրության առջեւ դրսեւորած արժանիքների համար:

Մանկական ուռուցքաբանության հարցերին նվիրված միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի առողջապահության կազմակերպիչների միության համանախագահ Ա. Մինասյանը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորությամբ ժամանած պատվիրակության անդամները եւ մի շարք այլ մասնագետներ:

Պարգեւը Ռոշալին հանձնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Ռեկտորը շնորհակալություն է հայտնել պրոֆեսորին՝ այն երեխաների համար, որոնց կյանքը նա փրկել է եւ առողջությունն ու երջանիկ մանկությունը վերադարձրել: Պրոֆեսոր Ռոշալն իր հերթին նշել է, որ հիանում է Հայաստանով եւ հայ ժողովրդի տոկունությամբ:

«Երբ այսօր ինձ հարցրեցին, թե ինչ կարող է Ռուսաստանը ստանալ Հայաստանից, եւ Հայաստանն էլ՝ Ռուսաստանից, ասացի, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի տոկունությունը ձեռք բերել: Դուք դեռեւս պատկերացում չունեք, թե որքան տոկուն եք, որքան արժանի եք հիացմունքի», - նշել է նա: 

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել՝ առողջապահության եւ բարձրագույն բժշկական կրթության ոլորտում ունեցած վաստակի համար։ Իր խոսքում Սկվորցովան նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ հմայված է երկրի գեղեցկությամբ եւ քաղաքում տիրող հոգեւոր աուրայով։

Նախարարը տեղեկացրել է, որ այսօր այցելել է հայկական հիվանդանոցները եւ գնահատել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման վեկտորը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը արգասաբեր կլինի, եւ մեկ տարի անց երկու երկրի ներկայացուցիչները կհանդիպեն եւ կկարողանան ամփոփել իրականացված աշխատանքի արդյունքները։

Հայաստանի Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Նատալիա Մելքիկյանը հյուրերին է ներկայացրել կենտրոնի զարգացման հեռանկարները, եւ պատմել է այն մասին, որ ողնուղեղի փոխպատվաստման կենտրոնի ստեղծումը նոր հնարավորություններ կընձեռի երեխաների օնկոլոգիական եւ օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման համար եւ կօգնի հարյուրավոր կյանքեր փրկել։ Արա Բալոյանն իր հերթին ներկայացրել է մանկական բժշկության եւ վիրաբուժության մի շարք արդիական խնդիրներ։