Հիշողության, կենտրոնացման և բարձր հոգնածության հետ կապված խնդիրները դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց հաճախակի բողոքներն են։ Գիտնականների միջազգային թիմի նոր վերլուծությունը ապացուցել է, որ ճանաչողական դժվարությունները կապված են ուղեղի իրական կառուցվածքային փոփոխությունների հետ, որոնք առաջացել են հորմոնալ տատանումներով։ Աշխատանքը հրապարակվել է Menopause ամսագրում։
Պարզվել է, որ այդ շրջանում կանանց մոտ նվազում է գորշ նյութի ծավալը, մասնավորապես՝ ճակատային և քունքային բլթերում, ինչպես նաև հիպոկամպում, որը պատասխանատու է հիշողության և պլանավորման համար։ Այս փոփոխություններն ուղղակիորեն կապված են բանավոր և տեսողական-տարածական հիշողության վատթարացման, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման դժվարությունների հետ։
Բացի այդ, վաղ դաշտանադադար ունեցող կամ հաճախակի տաք ալիքներով կանանց մոտ ավելի հաճախ են նկատվում սպիտակ օջախներ։ Դրանք գլխուղեղում վնասված հյուսվածքի հատվածներ են, որոնք տեսանելի են ՄՌՏ-ի վրա։ Դրանք վկայում են արյան հոսքի խանգարման մասին և բարձրացնում են ինսուլտի և դեմենցիայի ռիսկը, ինչպես նաև կարող են առաջացնել տրամադրության փոփոխություններ և հավասարակշռության խանգարումներ։
Որոշ ուսումնասիրություններ, ընդհակառակը, ցույց են տալիս, որ դաշտանադադարի ավարտից հետո գորշ նյութի ծավալը մասնակիորեն վերականգնվում է, հավանաբար՝ նեյրոպլաստիկության՝ ուղեղի վերակառուցվելու և հարմարվելու ունակության հաշվին։ Նաև, այս շրջանում կանանց ուղեղում նկատվում է էստրոգենային ընկալիչների խտության բարձրացում։ Սա կարող է լինել հորմոնների մակարդակի անկումը փոխհատուցելու փորձ, թեև երբեմն նման հարմարեցումն ուղեկցվում է հիշողության վատթարացմամբ։
Գիտնականները նաև նշել են ցերեբրովասկուլյար ռեակտիվության (անոթների՝ ծանրաբեռնվածությանը արձագանքելու ունակությունը) և ուղեղում էներգետիկ փոխանակության փոփոխություններ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ դաշտանադադարը ազդում է ոչ միայն հորմոնալ ֆոնի, այլև նեյրոնային գործընթացների վրա։
Գիտնականները հույս ունեն, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան մշակել կանխարգելման և բուժման մեթոդներ, որոնք կօգնեն կանանց պահպանել մտքի պարզությունը և կյանքի որակը այս կարևոր փուլում։






