Հայաստանի առաջին տիկինը եւ «Նվիրիր կյանք» հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը ելույթ է ունեցել մանկական օնկոլոգիայի  հարցերին նվիրված համաժողովին, եւ օգնություն ու աջակցություն խնդրել «Նվիրիր կյանք» ռուսական հիմնադրամի իր գործընկերներից:

Իր ելույթում նա նշել է, որ երբ 3 տարի առաջ «Նվիրիր կյանք» հիմնադրամը դիմեց հանրությանը՝ բուժման կարիք ունեցող երեխաներին օգնելու խնդրանքով, շատերը արձագանքեցին եւ թույլ չտվեցին կյանքից հեռանալ 400 երեխաների:

«Ես մտածեցի, որ Հայաստանի սրտացավության ժամանակաշրջանը սկսել է: Սակայն բարեսրտությունը երբեք շատ չի լինում», - ասել է Ռիտա Սարգսյանը՝ հավելելով, որ այս տարի, երբ հիմնադրամը դիմել է այդ նույն խնդրանքով, արձագանքել է առաջին անգամ արձագանքածների ճիշտ կեսը:

«Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, հիմնադրամը կփակվի, սակայն ես չեմ պատկերացնում ինչ կարող է պատահել այդ երեխաների հետ… Քանի որ մենք ձեր «Նվիրիր կյանք» հիմնադրամի մասնաճյուղն ենք, համոզիչ կերպով խնդրում ենք՝ աջակցեք մեզ գոնե մոտակա կես տարին, մինչեւ մենք կունենանք մեր կենտրոնը», - ասաց առաջին տիկինը:

Հիշեցնենք, որ «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հիմնական նպատակը օնկոլոգիական, հեմատոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաների օգնությունն է: Հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. ՝ Ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ: