Գրանցվել է հեպատիտ B-ի ախտորոշման աշխարհում առաջին արագ թեստը։ Դրա զգայունությունը համեմատելի է ՊՇՌ-ի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

«Ռոսպոտրեբնադզորի Հիմնարար գիտությունների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ՀԳԿԳՀԻ) գիտնականները գրանցել են վիրուսային հեպատիտ B-ի ախտորոշման աշխարհում առաջին արագ թեստը՝ հիմնված օղակային իզոթերմիկ ամպլիֆիկացիայի (Loop mediated isothermal amplification, LAMP) վրա։ Նոր թեստն զգայունությամբ համադրելի է ՊՇՌ մեթոդի հետ, սակայն թույլ է տալիս հայտնաբերել վիրուսի առկայությունը ընդամենը 25-30 րոպեում, ինչը զգալիորեն արագացնում է ախտորոշման գործընթացը՝ համեմատած ավանդական մեթոդների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Թեստը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել հեպատիտ B-ն, ինչը առանցքային նշանակություն ունի հիվանդներին օպերատիվորեն հայտնաբերելու, բուժում նշանակելու և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու համար։

Հեպատիտ B-ն վարակիչ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել լյարդի ծանր վնասվածքների, ներառյալ ցիռոզը և քաղցկեղը։ Վարակը փոխանցվում է արյան և այլ կենսաբանական հեղուկների միջոցով, հատկապես խոցելի են երեխաները և թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ։