Առողջապահության նախարարության նախագծով՝ հաջորդ տարվանից Հայաստանում շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ կներառվի առողջության ապահովագրության համակարգում։ Պետությունն կվճարի մանկահասակների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և նպաստառուների ապահովագրավճարները։ Իսկ ամսական 200 հազար դրամից բարձր եկամուտ ունեցողները իրենց աշխատավարձից կհատկացնեն 10 800 դրամ։ Նվազ եկամուտ ունեցող քաղաքացիների ապահովագրությունը կմեկնարկի 2027–2028 թվականներին։
Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը նշում է, որ նախագծում հստակ նշված չէ՝ ինչ ծառայություններ են մտնում փաթեթի մեջ․ «Օրենքում ամենակարևոր մասը թողել են Կառավարության որոշման վրա»,– ասում է նա։
Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանը հակադարձում է՝ փոխհատուցվելու է ոչ թե առանձին ծառայություն, այլ ամբողջ բժշկական դեպքը։
Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ համակարգը նաև սոցիալական արդարության խնդիր ունի․ «Նույն 10 800 դրամն է վճարելու և 250 հազար դրամ ստացողը, և միլիոն դրամ ստացողը»։
Փորձագետը նաև կասկածում է համակարգի պատրաստվածությանը՝ ընդգծելով, որ այն արդեն վարկային պարտավորություններ ունի և չի բացառվում բանավոր սահմանափակումների կիրառումը, ինչպես լինում է պետպատվերով ծառայությունների դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։





