Սինթետիկ տվյալների հիման վրա արհեստական բանականության կիրառման և դեղերի մշակման ոլորտում առաջատար հայկական Denovo Sciences Inc ընկերությունը, կենսաբժշկական հետազոտական և կրթական առաջատար կատարական Weill Cornell Medicine-Qatar (WCM-Q) կազմակերպությունը և կանանց և երեխաների առողջապահության ոլորտում մասնագիտացած Դոհայի Sidra Medicine հիվանդանոցը հայտարարել են հոմոցիստինուրիայի՝ հազվագյուտ գենետիկ նյութափոխանակության հիվանդության ապաքինման համար նոր դեղամիջոցների թեկնածուների հայտնաբերման և մշակման վերաբերյալ համագործակցության մասին: Դրա մասին հայտնել է կատարական Qatar Tribune պարբերականը:
Համագործակցության նպատակն է բժշկական նշանակալի խնդիրը լուծելը, մասնավորապես Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներն ընդգրկող MENA աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ հիվանդությունն ունի աշխարհում ամենաբարձր տարածվածության մակարդակներից մեկը։
Հոմոցիստինուրիան ժառանգական խանգարում է, որի դեպքում օրգանիզմն ի վիճակի չի լինում պատշաճ կերպով մշակել մեթիոնին ամինաթթուն, ինչը հանգեցնում է արյան մեջ հոմոցիստեինի թունավոր կուտակման։ Դա կարող է լրջագույն բարդություններ առաջացնել, մասնավորապես՝ զարգացման ուշացումներ, տեսողության խնդիրներ, ինչպես նաև կմախքային անոմալիաներ և արյան մակարդուկների և կաթվածների՝ կյանքին սպառնացող բարձր ռիսկ։
Թեև գոյություն ունեն բուժման եղանակներ՝ խիստ սնննդակարգերի և հավելումների օգտագործմամբ, դրանց արդյունավետությունը բուժառուների զգալի մասի համար սահմանափակ է։ Նոր թերապևտիկ տարբերակների անհրաժեշտությունը հատկապես հրատապ է Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկող MENA տարածաշրջանում, որտեղ հիվանդացության մակարդակը, օրինակ՝ Կատարում (1800 ծնվածից 1-ը) զգալիորեն բարձր է համաշխարհային միջինից (200 հազար ծնվածից ավելի քան 1-ը)։
«Մենք ուրախ ենք համագործակցելու համար այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Weill Cornell Medicine-Qatar-ը և Sidra Medicine-ը,- ասում է Denovo Sciences-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Զաքարյանը։-Մեր Denovo հարթակը եզակիորեն հարմար է այն հազվագյուտ հիվանդությունների հետ աշխատանքի համար, որոնց վերաբերյալ քիչ տվյալներ կան կամ առհասարակ չկան։ Համատեղելով մեր առաջադեմ հաշվողական եղանակները WCM-Q-ի կենսաբանական և նախակլինիկական փորձագիտության հետ՝ համոզված ենք, որ կկարողանանք հոմոցիստինուրիայով բուժառուների համար խիստ անհրաժեշտ թերապիա բացահայտել, մասնավորապես այն տարածաշրջանում, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում»։
Համագործակցությունը կօգտագործի բոլոր երեք կազմակերպությունների բացառիկ ուժեղ կողմերը։
Denovo Sciences Inc.-ը կանցկացնի հետազոտություններ՝ օգտագործելով քվանտային մեխանիկայի/մոլեկուլային մեխանիկայի մեթոդները և կկիրառի Denovo-ի սեփական արհեստական բանականության հարթակը՝ բարձր արդյունավետությամբ խոստումնալից դեղամիջոցների թեկնածուներ ստեղծելու համար։
Weill Cornell Medicine-Qatar-ը կներդնի իր ժամանակակից հետազոտական լաբորատորիաները, նյութափոխանակության հիվանդությունների ոլորտում խորազնին փորձաքննությունը և Denovo Sciences Inc.-ի ներկայացրած համաշխարհային մակարդակի թիմը՝ դեղամիջոցների թեկնածուներն ուսումնասիրելու համար։
Sidra Medicine-ը կկիրառի հոմոցիստինուրիայի բուժման իր լայն կլինիկական փորձը՝ կլինիկական պրակտիկայում այս նոր թեկնածուները ներդնելու հաջորդ քայլերի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։
«Այս եռակողմ համագործակցությունը միավորում է Denovo Sciences-ի, WCM-Q-ի և Sidra Medicine-ի փորձագիտությունը՝ Կատարում անթիվ ընտանիքների վրա ազդող ավերիչ հիվանդության դեմ պայքարելու համար,- ասել է համակարգերի և հաշվողական կենսաբժշկության պրոֆեսոր, WCM-Q-ի՝ Հետազոտության, նորարարության և առևտրայնացման գծով փոխդեկան Խալեդ Մաչական։- Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր համատեղ ջանքերը և առաջատար տեխնոլոգիաները կամոքեն տուժածներին»:
«Մեր փորձը և հազվագյուտ հիվանդություններով երեխաների համար նախատեսված մասնագիտացված բուժման արձանագրությունները մեզ դարձնում են Denovo Sciences-ի և WCM-Q-ի հետ այս առաջատար նախաձեռնության հուսալի գործընկեր,- ասել է Sidra Medicine-ի գենոմիկ և գենետիկական բժշկության ղեկավար, պրոֆեսոր Թաուֆեգ Բեն Օմրանը,- Հոմոցիստինուրիայի համար արհեստական բանականության վրա հիմնված այս նոր թերապիայի ծրագրի ներդրումը կփոխակերպի երիտասարդ բուժառուների բուժումը Կատարում և ամբողջ տարածաշրջանում»:






