Տոկիոյի գիտության համալսարանի եւ Տեխասի համալսարանի (Հյուսթոն), Առողջության մասին գիտության կենտրոնի գիտնականները համատեղ հայտնաբերել են ցողունային բջիջների երկու տեսակ, որոնք մասնակցում են ատամների արմատների եւ ալվեոլյար ոսկորի ձեւավորմանը, այն նույն ոսկորի, որի մեջ ատամն ամրացված է։
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Oral Science-ում։
Նրանք կարողացել են հետեւել ազդանշանային մեխանիզմներին, որոնք կառավարում են այդ բջիջների վերափոխումը, ինչն ուղի է բացում ատամների եւ ծնոտի ոսկորի վերարտադրման ապագա մեթոդների համար։
Մինչ այժմ գիտնականներին չէր հաջողվել լիովին վերարտադրել բարդ կենսաբանական պրոցեսը, որի դեպքում զարգանում են ատամները եւ դրանց շրջակա ոսկրային կառույցները։ Հետազոտությունը պահանջել է տարբեր հյուսվածքների՝ ատամի փափկամասի, էմալի օրգանի, ծնոտի ոսկրային հյուսվածքի փոխգործակցության եւ այն բանի ըմբռնումը, թե ինչպես են ազդանշանները բջիջների միջեւ համակարգում ատամնապսակի, արմատի եւ ոսկորի գոյացումը։
Օգտագործելով գենետիկորեն մոդիֆիկացված մկներին եւ բջջային գծերին հետեւելու տեխնոլոգիաները՝ հետազոտողները հայտնաբերել են․ ցողունային բջիջների մի գիծը, որը գտնվում է ապիկալ պապիլայում (փափուկ հյուսվածք ատամի աճող արմատի վերջնամասում) արտադրում է CXCL12 սպիտակուցը եւ կարող է վերածվել ինչպես օդոնոբլաստի (ատամի դենտինը ձեւավորող բջիջներ), այնպես էլ ցեմենտաբլաստների (բջիջներ, որոնք ձեւավորում են շաղախը՝ ատամի արմատը ծածկող պինդ հյուսվածքը), ինչպես նաեւ օստեոբլաստների (բջիջներ, որոնք ձեւավորում են ոսկրային հյուսվածքը) որոշակի պայմաններում։
Ցողունային բջիջների երկրորդ շարքը, որը գտնվում է ատամնային ֆոլիկուլում (զարգացող ատամը շրջապատող կառուցվածք) եւ արտահայտում է PTHrP սպիտակուցը, կարող է վերածվել պարոդոնտալ կապանների բջիջների, ցեմենտաբլաստների եւ ալվեոլային ոսկրային օստեոբլաստների: Սակայն այս գործընթացը պահանջում է Hedgehog-Foxf ազդանշանային ուղու ճնշում, ինչը վկայում է բարձր ճշգրտության կարգավորման մասին. այս ազդանշանների ակտիվացումը կամ արգելակումը կարեւոր ազդեցություն ունի ատամնային եւ ոսկրային հյուսվածքի զարգացման վրա:
Հեղինակներն ընդգծել են, որ ստացված տվյալները բացահայտում են ատամի արմատի եւ այն ծնոտում պահող ոսկորի ձեւավորման մոլեկուլային մեխանիզմները: Այս արդյունքները կարող են հիմք հանդիսանալ վերականգնողական բուժումների մշակման համար, որոնք ապագայում կարող են փոխարինել իմպլանտներին եւ պրոթեզներին:






