LRG1 սպիտակուցը դիաբետիկ ռետինոպաթիայի ամենավաղ փուլերում ցանցաթաղանթի անոթների վնասվածք է առաջացնում։ Այս գործընթացը սկսվում է ախտանշանների ի հայտ գալուց շատ առաջ և հանգեցնում է շաքարախտով հիվանդների մոտ տեսողության աստիճանական կորստի։ Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։

Դիաբետիկ ռետինոպաթիան աչքի ցանցաթաղանթի պրոգրեսիվող հիվանդություն է, որը բնութագրվում է անոթների վնասմամբ՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով։ Շաքարային դիաբետի այս բարդությունը կարող է հանգեցնել տեսողության զգալի վատթարացման՝ մինչև կուրություն։

Գիտնականները պարզել են, որ LRG1-ը ստիպում է աչքի մանրագույն անոթները շրջապատող բջիջներին սեղմվել և բառացիորեն «ճնշել» դրանք։ Դրա պատճառով խախտվում է թթվածնի մատակարարումը դեպի ցանցաթաղանթ, ինչպես նաև պայմաններ են ստեղծվում տեսողության երկարաժամկետ խանգարումների համար։

Երբ հետազոտողները արգելափակել են դիաբետով մկների մոտ LRG1-ի ակտիվությունը, նրանք կարողացել են կանխել անոթների վնասումը և պահպանել աչքի նորմալ ֆունկցիան։ Այս հայտնագործությունը մատնանշում է դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման նոր եղանակ՝ հիվանդություն, որն այսօր բուժվում է ազդելով մեկ այլ սպիտակուցի վրա (VEGF)։ Այնուամենայնիվ, նման թերապիան օգնում է հիվանդների միայն մոտ կեսին և կիրառվում է արդեն ախտանշանների ի հայտ գալուց հետո։

Հեղինակների տվյալներով՝ LRG1-ն ակտիվանում է ավելի շուտ, քան VEGF-ը, ինչը այն դարձնում է կանխարգելման համար ավելի հեռանկարային թիրախ։ Լոնդոնի համալսարանական քոլեջում արդեն մշակվել է LRG1-ն արգելափակող փորձնական դեղամիջոց։ Այն հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումները և պատրաստվում է մարդկանց վրա փորձարկմանը։

«Այս հետազոտությունը ցույց է տվել, որ LRG1-ի վրա ազդեցությունը իրական կլինիկական ներուժ ունի։ Սպիտակուցը դիաբետիկ ռետինոպաթիան գործարկող առաջին գործոններից մեկն է», - նշել է աշխատանքի համահեղինակ, պրոֆեսոր Ջոն Գրինվուդը։