Քաղցկեղի քիմիաթերապիայի ժամանակ արյան մեջ ինոզինի և հիպոքսանթինի միացությունների բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ բարձրանում է սրտի վտանգավոր վնասման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Ալբերտայի համալսարանի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում։
Կարդիոթունավորությունը հակաքաղցկեղային բուժման ամենավտանգավոր բարդություններից մեկն է։ Որոշ քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ, ոչնչացնելով ուռուցքային բջիջները, միաժամանակ վնասում են սիրտը, ինչը կարող է հանգեցնել սրտային անբավարարության և բուժումը հարկադրված դադարեցնելուն։
«Մեր նպատակն է մշակել արյան անալիզ, որը թույլ կտա նախապես որոշել, թե ով ունի կարդիոթունավորման բարձր ռիսկ և ընտրել ավելի անվտանգ բուժում», - պարզաբանել է հետազոտության ղեկավար Գոպինաթ Սութենդրան։
Թիմն ուսումնասիրել է կրծքագեղձի քաղցկեղով 22 պացիենտների արյան նմուշները, որոնք մասնակցում էին MANTICORE կլինիկական հետազոտությանը։ Այն նվիրված էր անտրացիկլինների և տաքսանների կողմնակի ազդեցություններին, որոնք քիմիական դեղամիջոցների երկու դաս են և հաճախ են առաջացնում սրտային բարդություններ։ Բուժումից առաջ, ընթացքում և հետո արված անալիզների համեմատությունը ցույց է տվել, որ ինոզինի և հիպոքսանթինի բարձր մակարդակ ունեցող պացիենտների մոտ ավելի հաճախ էին դիտվում սրտի վնասման նշաններ։
Որպեսզի հասկանան, թե ինչու են այդ միացությունները կապված սրտային թունավորության հետ, գիտնականները փորձեր են անցկացրել կենդանիների վրա։ Նրանք պարզել են, որ ուռուցքն արտազատում է ազդանշանային մոլեկուլներ, որոնք արյան մեջ բարձրացնում են ինոզինի և հիպոքսանթինի կոնցենտրացիան։ Այս նյութերն ազդում են սրտի մկանների վրա՝ թուլացնելով բջիջների պաշտպանությունը՝ ԴՆԹ-ն դառնում է պակաս կայուն և խոցելի քիմիական դեղամիջոցների թունավոր ազդեցության նկատմամբ։
Այժմ Սուտենդրայի թիմը աշխատում է դեղամիջոց ստեղծելու վրա, որը կարող է արգելափակել ինոզինի և հիպոքսանտինի սինթեզը։ Նման մոտեցումը կարող է միաժամանակ պաշտպանել սիրտը և դանդաղեցնել քաղցկեղի զարգացումը։






