ԱՄՆ Թեմփլի համալսարանին առընթեր Բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մեխանիզմ, որն օգնում է սրտին վերականգնվել սրտի կաթվածից հետո: Ինչպես նշվում է Circulation Research (CR) բժշկագիտական հանդեսում, այդ գործընթացում գլխավոր դեր է խաղում հատուկ մոլեկուլ՝ շրջանաձև ՌՆԹ Circ-CDR1as-ը:
Շրջանաձև ՌՆԹ-ն կարելի է նկարագրել որպես մոլեկուլ, որի ծայրերը փակ են միմյանց շուրջ՝ կազմելով օղակ: Վերջին ժամանակներում նման մոլեկուլներն օգտագործվել են որպես բիոմարկերներ ախտորոշման և պաթոլոգիայի հայտնաբերման համար: Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ Circ-CDR1as-ը միաժամանակ իմունային բջիջներին օգնում է անցնել «վերականգնման ռեժիմի» և նվազեցնում է վնասված հյուսվածքի բորբոքումը:
Գիտնականները պարզաբանել են, որ վնասվածքից հետո սրտի վերականգնման գործում գլխավոր դեր է խաղում բջիջների հատուկ պոպուլյացիան՝ մակրոֆագերը: Դրանք նախ ոչնչացնում են հարուցիչները և մեռած բջիջները, ապա սկսում բուժման գործընթացը: Սակայն սրտի կաթվածից հետո Circ-CDR1as-ի մակարդակը կտրուկ նվազում է՝ խաթարելով դրանց գործառույթը և դանդաղեցնելով սրտի վերականգնումը:
Երբ գիտնականներն այս մոլեկուլի կոնցենտրացիան վերադարձրել են բնականոն մակարդակի, կենդանիների միոկարդի հյուսվածքն ավելի արագ է վերականգնվել, իսկ վնասված հատվածը փոքրացել: Հետազոտության հեղինակները կարծում են, որ այդ հայտնագործությունը կարող է հիմք ծառայել բնական վերականգնման մեխանիզմները ակտիվացնող նոր դեղամիջոցների համար: Սակայն նման դեղամիջոցներ մշակելուց առաջ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, արդեն մարդանց մասնակցությամբ:






