Համընդհանուր առողջապահական ապահովագրության ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը խրոնիկական հիվանդություններով բուժառուներին դեղորայք տրամադրելու նոր ընթացակարգեր է մշակել։ Դրա մասին հոկտեմբերի 30-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ հիմնական նպատակը խրոնիկական հիվանդությունների սրացումը կանխելն է։
«Նման կերպ մենք կկարողանանք կրճատել հոսպիտալացումների թիվը»,- ընդգծել է Ավանեսյանը։
Նախարարությունը, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, հաստատել է դեղորայքի տրամադրման վերաբերյալ մի քանի տասնյակ արձանագրություններ։ Այդ արձանագրությունները վերաբերում են բուժառուների տարբեր խմբերի։ Նախարարությունն այդ արձանագրությունները հրապարակել է իր պաշտոնական կայքում։
«Այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Կենտրոնացված մոտեցումը մեզ հնարավորություն կտա ավելի մեծ քանակությամբ դեղորայք գնել և, հետևաբար, ավելի ցածր գներով»,- նշել է նախարարը։
Նա շեշտել է, որ հիվանդությունների կանխարգելումը կամրապնդվի ոչ միայն դեղորայքի, այլև բժշկական զննման միասնական մեթոդաբանության ներդրման միջոցով։ Հետազոտությունների հաճախականությունը և ձևաչափը կախված կլինեն քաղաքացիների սեռից, տարիքից և առողջական վիճակից։
2026 թվականից սկսած՝ պետական գնումների մեջ կներառվեն նոր ոլորտներ՝ 45-63 տարեկան կանանց կրծքագեղձի սկրինինգ, հաստ աղիքի սքրինինգ (ուղիղ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար) և արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի բարելավում՝ HPV թեստի կիրառմամբ՝ PAP թեստի փոխարեն։
«Համընդհանուր առողջապահական ապահովագրության ծրագրով կբաղվի ստեղծվելիք պետական հիմնադրամը՝ ծրագիրը համակարգելու համար, որի ֆինանսավորմանը կուղղվեն քաղաքացիների ապահովագրական վճարումները մինչև 2%-ի չափով»,- հիշեցրել է Ավանեսյանը։






