Գիտնականները մտահղացել են նոր սարք, որը տեղադրվում է զուգարանակոնքում և վերլուծում է մեզը՝ հիդրատացման (ջրամիացման, ջրակցման, քիմիական նյութերին ջրի միացման գործընթաց –խմբ.), սննդի և երիկամների առողջության վերաբերյալ տվյալները, հաղորդում է Euronews-ը։
Մեզի նոր խելացի սկաները նկարագրվում է որպես իր տեսակի մեջ առաջինը, խոստանում է մանրամասն առողջական հաշվետվություն տրամադրել՝ վերլուծելով այն, ինչ մարդը լցնում է զուգարանակոնքում։ Կարելի է կարևոր տեղեկություններ ստանալ հիդրատացման, սննդի և նույնիսկ երիկամների առողջության վերաբերյալ։
Ֆրանսիական Withings տեխնոլոգիական ընկերության մշակած U-Scan-ը աննկատելիորեն տեղադրվում է զուգարանակոնքի մեջ և արդյունքները մի քանի րոպեի ընթացքում անմիջականորեն ուղարկում է համապատասխան հավելվածին։
Սարքը, որն առաջին անգամ ներկայացվել է որպես նախատիպ 2023 թվականին, օգտագործում է փոխարինվող քարթրիջ՝ քիմիական պարամետրերի, մասնավորապես՝ pH-ի, տեսակարար կշռի, կետոնների և C վիտամինի չափման համար։
Ընկերությունը պնդում է, որ նշված պարամետրերը կարող են տեղեկություններ տրամադրել հիդրատացման, սննդի և ճարպերի նյութափոխանակության վերաբերյալ, և նույնիսկ օգնել քաշի կորստի դեղամիջոցներ ընդունող օգտատերերին հետևել սեփական օրաբաժնում փոփոխություններին։
Մեծ Բրիտանիայում Withings-ը վաճառում է երկու տարբերակով՝ Proactive փաթեթը, որի արժեքը մոտ 320 ֆունտ ստերլինգ է, և Intensive փաթեթը, որի արժեքը մոտ 390 ֆունտ ստերլինգ է։






