Ցիկլին A2 գենը (CCNA2), որը սովորաբար անջատվում է ծնվելուց հետո, ի վիճակի է նորից գործարկել սրտի բջիջների բաժանումը և վերականգնել վնասվածքները ինֆարկտից և սրտային անբավարարությունից հետո։ Նման եզրակացության են եկել Մաունթ Սինայի հիվանդանոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են npj Regenerative Medicine (RM) պարբերականում։

Փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ CCNA-ի ակտիվացումը անվտանգ վիրուսային վեկտորի միջոցով խթանում է սրտամկանի բջիջների բաժանումը միջին տարիքի մեծահասակների մոտ: Սա առաջին ապացույցն է, որ նախկինում վերականգնման համար անընդունակ համարվող սրտային բջիջները կարող են խթանվել նոր ֆունկցիոնալ հյուսվածքի ձևավորման համար:

Փորձարկման ընթացքում օգտագործվել են 21, 41 և 55 տարեկան դոնորների սրտի բջիջներ։ Ցիկլին A2-ի կիրառմամբ թերապիան ակտիվացրել է բջիջների բաժանումը ավելի մեծ տարիքի մասնակիցների մոտ, սակայն չի ազդել 21-ամյա դոնորի երիտասարդ սրտի վրա, ինչը համահունչ է նախորդ տվյալներին՝ երիտասարդ սրտերի բնական վերականգնողական ներուժի վերաբերյալ։

Ավելի վաղ դոկտոր Հեսս Չաուդրիի ղեկավարած թիմը առաջին անգամ ցուցադրել էր խոշոր կաթնասունի (խոզի) սիրտը ինֆարկտից հետո վերականգնելու հնարավորությունը՝ CCNA2-ի վերաակտիվացման միջոցով։ Նոր աշխատանքը կապող օղակ է դարձել, որը հաստատել է, որ նույն մեխանիզմը կարելի է անվտանգ կիրառել նաև մարդու բջիջների նկատմամբ»։

Հետազոտողների խոսքով՝ CCNA2-ն ակտիվացնում է աճի գեները՝ ժամանակավորապես «ետ պտտելով ժամանակը» սրտի բջիջների համար, որպեսզի դրանք կարողանան բաժանվել՝ առանց հասունությունը կորցնելու և առանց հյուսվածքների հաստացում առաջացնելու։ Հեղինակները նշում են, որ այս մոտեցումը ճանապարհ է բացում ախտանիշերի բուժումից դեպի սրտի մկանի իրական վերականգնումը անցում կատարելու համար։