Ինֆարկտի ժամանակ սիրտը կորցնում է իր վերականգնվելու ունակության մի մասը. մկանային հյուսվածքի թարմացման փոխարեն, առաջանում է սպիական հյուսվածք, որը թեև կայունացնում է օրգանը, սակայն ժամանակի ընթացքում նվազեցնում է նրա՝ արյուն մղելու ունակությունը, գրում է News-Medical Live Sciences-ը։
Վյուրցբուրգի համալսարանի գիտնականները՝ Ֆրայբուրգի համալսարանական բժշկական կենտրոնի հետ համատեղ, ստեղծել են նոր «ատլասային» նկարագրություն այն մասին, թե ինչպես են տարբեր տեսակի բջիջները փոխազդում տարածության և ժամանակի մեջ առկա սրտի ապաքինման գործընթացում։
Օգտագործելով առաջադեմ մեթոդներ, ինչպիսիք են առանձին բջիջների ՌՆԹ-ի հաջորդականացումը և տարածական տրանսկրիպտոմիկան, հետազոտողները պատկերացրել են բջիջների բարդ «խորեոգրաֆիան». թե ինչպես են իմունային բջիջները՝ մակրոֆագերը, ուղղորդում շարակցական հյուսվածքի բջիջներին՝ սպիի ձևավորումը վերահսկելու և դրանով իսկ սրտի արյուն մղելու ունակությունը պահպանելու համար։
Պրոֆեսոր Դոմինիկ Գրյունի խոսքով՝ «մեր բջջային ատլասը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր տեսակի բջիջներ շփվում սրտի վերականգնման ժամանակ և համակարգում ապաքինման գործընթացը»։
Բացահայտումը հիմք է տալիս ապագա հետազոտությունների համար, որոնք ուղղված են ինֆարկտից հետո ավելորդ սպիացումը նվազեցնելուն և սրտի ֆունկցիան պահպանելուն։
Արդյունքները կարևոր են նրանով, որ դրանք նոր հեռանկար են տալիս. ոչ թե պարզապես բուժել վնասվածքի հետևանքները, այլ միջամտել բուն գործընթացին՝ հետևել, ուղղորդել և հնարավոր է, շտկել բջիջների վարքը, որպեսզի սիրտն ավելի արդյունավետ վերականգնվի։
Թիմը հույս ունի, որ այս ատլասի հիման վրա կմշակվեն թերապիայի նոր մեթոդներ, որոնք թույլ կտան նվազեցնել ինֆարկտից հետո առաջացած վնասը և պահպանել հիվանդների կյանքի որակը։






