Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Science Translational Medicine (STM)» ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ 31 կին։ Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները հետևել են ինտերվալային սովի դիետային, որի շրջանակներում սննդի ընդունման ժամանակը սահմանափակվում է մի քանի ժամով։ Առաջին խումբը կարող էր սնվել 8:00-ից մինչև 16:00-ն, իսկ երկրորդը՝ 13:00-ից մինչև 21:00-ն։ Երկու խմբերում սննդակարգի կալորիականությունն ու բաղադրությունը գրեթե չեն տարբերվել։

Չորս այցելությունների ընթացքում մասնակիցներից արյան նմուշներ են վերցվել լաբորատորիայում։ Գիտնականները նաև իրականացրել են գլյուկոզայի նկատմամբ պերօրալ հանդուրժողականության թեստ՝ ածխաջրերի և ճարպերի մետաբոլիզմը վերլուծելու համար։ Ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, նոր աշխատանքը ինսուլինի նկատմամբ զգայունության, արյան մեջ շաքարի մակարդակի, արյան մեջ ճարպերի պարունակության կամ բորբոքման մարկերների կլինիկականորեն զգալի փոփոխություններ չի հայտնաբերել ինտերվալային սովի դեպքում։

Հետազոտողները նաև նշել են, որ սրտանոթային առողջության ցուցանիշները զգալիորեն չեն բարելավվել։

«Նախկինում կատարված ուսումնասիրություններում նշված առողջական օգուտները, հավանաբար, պայմանավորված են եղել կալորիաների ընդունման ոչ միտումնավոր կրճատմամբ, այլ ոչ թե սննդի ընդունման ժամանակի կրճատմամբ։ Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել կամ բարելավել նյութափոխանակությունը, պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն ժամանակին, այլև իրենց սննդի էներգետիկ արժեքին», - բացատրել է ուսումնասիրության համահեղինակ, պրոֆեսոր Օլգա Ռամիչը։