Որովայնի խրոնիկական ցավը, հոգնածությունը և արյան մեջ գլյուկոզի անհասկանալի ցածր մակարդակը կարող են լինել մրգային շաքարի (ֆրուկտոզայի) նկատմամբ հազվագյուտ անհանդուրժողականության նշաններ, The Conversation-ին ասել են Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) Հանրային առողջապահության դեպարտամենտի մասնագետները:

Գիտնականները նշել են, որ ֆրուկտոզայի անհանդուրժողականություն ունեցող մարդկանց օրգանիզմում բացակայում է այս տեսակի շաքարը քայքայելու համար անհրաժեշտ հիմնական ֆերմենտը՝ ալդոլազ B-ն: Այս հազվագյուտ վիճակը հանդիպում է մոտավորապես 10 հազար մարդուց մեկին:  ֆրուկտոզայի Ժառանգական անհանդուրժողականությունը փոխանցվում է անձին, եթե երկու ծնողներն էլ կրում են այդ գենետիկ հատկանիշը:

Մասնագետների կարծիքով, ֆրուկտոզայի անհանդուրժողականությունը զգալիորեն տարբերվում է սննդային ալերգիայից: Ալերգիայի դեպքում իմունային համակարգը սննդի բաղադրիչներին արձագանքում է այնպես, կարծես դրանք պաթոգեն լինեն: Սա կարող է առաջացնել եղնջացան և բշտիկներ, բերանի խոռոչի այտուց կամ շնչառության դժվարություն: Մյուս դեպքում ախտանիշները կապված չեն իմունիտետի աշխատանքի հետ:

«Նորածինների և փոքր երեխաների դեպքում ֆրուկտոզայի անհանդուրժողականությունը կարող է դրսևորվել անսովոր քնկոտությամբ կամ դյուրագրգռությամբ, ինչպես նաև ուտելուց հրաժարվելով։ Մեծահասակների ախտանիշները կարող են ներառել քրոնիկ որովայնի ցավ, հոգնածություն և անհասկանալի ցածր արյան գլյուկոզի մակարդակ։ Բժիշկները կարող են նկատել աննշան նշաններ, ինչպիսիք են լյարդի մեծացումը, շեղումները լյարդի անալիզի արդյունքներում կամ լյարդի ճարպային հիվանդության նշանները»,- բացատրում են գիտնականները։

Մասնագետները հիշեցնում են, որ ֆրուկտոզան հանդիպում է ոչ միայն մրգերում։ Այն նաև մեղրի, որոշ բանջարեղենի, քաղցր ըմպելիքի, տորթի, թխվածքաբլիթի, սոուսների և հացի բաղադրիչ է։ Ֆրուկտոզան նաև ավելացվում է մսի որոշակի տեսակների (երշիկեղենի և հոթ-դոգերի) և կաթնամթերքի մշակմանը։

«Սախարոզը (սեղանի շաքար) և սորբիտոլը (շաքարի փոխարինիչ, որը հաճախ օգտագործվում է մաստակում, ատամի մածուկում և դեղամիջոցներում) նույնպես պարունակում են ֆրուկտոզա կամ դրա են վերածվում մարսողության ընթացքում։ Սա նշանակում է, որ ֆրուկտոզայի ժառանգական անհանդուրժողականություն ունեցողները չեն կարողանում մշակել նաև այդ շաքարները», - զգուշացնում են մասնագետները։