Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ագրեսիվ քաղցկեղի մարկերը՝ SerpinB3 սպիտակուցը, առանցքային դեր է խաղում նաև վերքերի ապաքինման գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
SerpinB3-ը, որը հայտնի է որպես հարթաբջջային քաղցկեղի հակագեն-1, օգտագործվում է թոքերի, լյարդի և մաշկի քաղցկեղի ախտորոշման համար։ Դրա բարձր մակարդակն արյան մեջ սովորաբար ազդարարում է լուրջ հիվանդության մասին։ Սակայն նոր տվյալները ցույց են տվել, որ սպիտակուցը բնական գործառույթ է կատարում, որն օգնում է էպիթելին վերականգնվել վնասվածքներից հետո։
Հետազոտողները նշել են, որ վնասված մաշկում ապաքինմանը մասնակցող բջիջները մեծ քանակությամբ SerpinB3 են արտադրում։ Սպիտակուցի հատկապես բարձր մակարդակ է նկատվել այն վերքերում, որոնք մշակվել են վիրակապման համար նախատեսված ժամանակակից կենսանյութերով։
Լաբորատոր փորձերում լրացուցիչ SerpinB3-ը արագացնում էր կերատինոցիտների (մաշկի բջիջներ, որոնք պատասխանատու են հյուսվածքների վերականգնման համար) շարժումը։ Դրանք դառնում էին ավելի շարժուն և ավելի հեշտությամբ էին թափանցում վերք, վերականգնելով վնասված հատվածները։
Այդ սպիտակուցը նաև բարելավում է վերքում կոլագենի մանրաթելերի կազմակերպումը՝ ձևավորելով ամուր հենակետային կառուցվածք և նպաստելով մաշկի կոկիկ վերականգնմանը։ Իր արդյունավետությամբ SerpinB3-ը համեմատելի է էպիդերմալ աճի գործոնի հետ, որը հայտնի է որպես ապաքինման խթանիչ։
Գիտնականները կարծում են, որ SerpinB3-ի երկակի դերի ըմբռնումը կարող է օգնել բուժման նոր մեթոդներ ստեղծել դժվարությամբ ապաքինվող վերքերի, ինչպիսիք են ճնշումային խոցերն ու վերքրեը, ինչպես նաև մշակել ուռուցքների դեմ պայքարի ռազմավարություններ, որոնք օգտագործում են այս սպիտակուցը տարածվելու համար։ Հետագա հետազոտությունները պետք է ցույց տան, թե ինչպես է SerpinB3-ը փոխգործակցում օրգանիզմի այլ համակարգերի հետ և հնարավոր է արդյոք այն օգտագործել թերապիայի համար՝ առանց ուռուցքների աճի ուժեղացման ռիսկի։






