Գիտնականները պարզել են, որ միջին տարիքում արյան թրոմբոցիտների ակտիվության պարզ թեստը մի օր կարող է դառնալ Ալցհայմերի հիվանդության վաղ փուլում՝ նույնիսկ առաջին ախտանիշների ի հայտ գալուց առաջ, ռիսկը գնահատելու միջոց։
Սան Անտոնիոյի Տեխասի համալսարանի Գլեն Բիգսի անվան Ալցհայմերի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ինստիտուտի հետազոտողների կողմից Նյու Յորքի համալսարանի հետ համատեղ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել կապը թրոմբոցիտների մակարդուկներ առաջացնելու ունակության և Ալցհայմերի հիվանդության վաղ նշանների միջև, որոնք հայտնաբերվել են պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի և մագնիսական ռեզոնանսային պատկերման (ՄՌՏ) միջոցով միջին տարիքի՝ մոտավորապես 56 տարեկան չափահաս մարդկանց մոտ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողները վերլուծել են Ֆրամինգհեմի սրտի երկարաժամկետ ուսումնասիրությանը մասնակցած 382 մասնակցի տվյալները, որոնք դեմենցիա չունեին։ Օգտագործելով թրոմբոցիտների մակարդուկի առաջացումը չափող մեթոդ՝ հետազոտողները պարզել են, որ ուղեղում թրոմբոցիտների ագրեգացիայի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան բետա-ամիլոիդային և տաու սպիտակուցների բարձր մակարդակ, որոնք Ալցհայմերի հիվանդության հիմնական մարկերներն են։
Հեղինակները նշում են, որ ամենաակնառու կապը նկատվում է թրոմբոցիտների համեմատաբար ցածր սկզբնական ակտիվություն ունեցող մարդկանց մոտ, մինչդեռ այս ազդեցությունն ավելի քիչ է արտահայտված բարձր ակտիվություն ունեցողների մոտ։
Հետազոտողների կարծիքով, թրոմբոցիտները կարող են ծառայել որպես «կամուրջ» անոթային խանգարումների՝ ուղեղի արյան անոթների վատթարացման և Ալցհայմերի հիվանդության զարգացմանը հանգեցնող նեյրոդեգեներատիվ գործընթացների միջև։
Գիտնականներն ընդգծում են, որ այս թեստը գործնականում դեռևս լայնորեն կիրառելի չէ. անհրաժեշտ են հետագա կլինիկական ուսումնասիրություններ՝ որոշելու համար, թե արդյոք հայտնաբերված օրինաչափությունը պահպանվում է ժամանակի ընթացքում։ Այնուամենայնիվ, արդյունքներն արդեն իսկ հույս են ներշնչում, որ ապագայում ի հայտ կգա հիվանդության ռիսկը դրա կլինիկական դրսևորումներից շատ առաջ որոշելու ունակ արյան պարզ անալիզ։






