Դանիացի գիտնակաները հատուկ թեստ են առաջարկել՝ պարզելու համար՝ արդյոք ինֆեկցիան բակտերիալ թե վիրուսային բնույթ է կրում: Դրա օգնությամբ հնարավոր կլինի հակաբիոտիկներ ընդունելու անհրաժեշտությունը պարզել եւ ընդհանուր պրակտիկայի բժիշկների կողմից սխալ նշանակումների հավանականությունը բացառել:

Թեստն այսպես կոչված C-ռեակտիվ սպիտակուցներին արձագանքող հատուկ բիոմարկերներից է բաղկացած: Հիշյալ նյութի ներկայությունը օրգանիզմում բորբոքային գործընթացների առկայության մասին է վկայում: Գիտնականների հավաստիացմամբ, մեկ կաթիլ արյունն էլ բավական է՝ երեք րոպեի ընթացքում ինֆեկցիայի՝ վիրուսային կամ բակտերիալ բնույթի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար: 

The Guardian-ի հաղորդմամբ, գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վերջերս հակաբիոտիկների կիրառմամբ դեղորայքային բուժման արդյունավետության անկում է նկատվում՝ դրանց չափից շատ կիրառման հետեւանքով: Դեղամիջոցների նման չմտածված կիրառությունը, ինչը մասնակիորեն ինֆեկցիայի բնույթի ոչ ճիշտ ախտորոշման արդյունք է, կարող է մանրէների՝ դրանց նկատմամբ զգայունության նվազեցման հանգեցնել: Մինչդեռ հակաբիոտիկների կիրառությունն արդարացված է միայն այն դեպքերում, երբ վարակը բակտերիալ ծագում ունի, եւ ոչ՝ վիրուսային: 

Նոր թեստի փորձարկումները երկու խմբի բաժանված 3 284 կամավորների (139-ը՝ երեխաներ) նկատմամբ են իրականացվել: Առաջին խումբը ներկայացնող՝ թեստի փորձարկմանը ենթարկված 1685 մասնակիցներից 631-ը հակաբիոտիկներով բուժում է ստացել, իսկ ահա երկրորդ խմբի՝ խնդրո առարկա հետազոտությունը չանցած 1599 մասնակիցներից ընդամենը 785-ի պարագայում հակաբիոտիկային բուժում չի նշանակվել:

Գիտնականներն առաջարկում են նոր թեստն ի հավելումն ինֆեկցիաների ախտորոշմանը միտված՝ ներկայումս կիրառվող հետազոտությունների օգտագործել: