«Ըստ բանավոր հայտարարությունների քիմիաթերապևտիկ բուժման համար դեղերի մասով նախատեսված է ապահովագրության շրջանակներում փոխհատուցել 1.2 մլն. ՀՀ դրամ: Սա այս կարևորագույն, ֆինանսատար ծառայությանը կոսմետիկ/կարկատանային մոտեցում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր նախագահ Ծաղիկ Վարդանյանը։

«Չարորակ նորագոյացությունները առողջապահության ոլորտում  և առհասարակ մեր կյանքում ամենացավոտ դրսևորումներից  են:

ՀՀ  բնակչության հիվանդությունների մահացության կշռի մեջ չարորակ նորագոյացությունները կազմում են 20,7%՝  զիճելով միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին (սրտամկանի ինֆարկ, ինսուլտ և այլն ):

 2024 թվականին կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը 10174, որը 90-ականների համեմատ կրկնապատկվել է, իսկ չարորակ նորագոյացություններ ախտորաշումով  պացիենտների թիվը՝ 70961, որը  մոտ 3,5 անգամ ավել է 90-ական թվականների ցուցանիշներից: Չարորակ նորագոյացություններին վերաբերվող  առողջապահական ցուցանիշների պատկերը տխուր է և մեղմ ասած՝ չհուսադրող:

Եվ քանի որ 2026թվականին մեզ սպասվում է Առողջության պետական ապահովագրության մեկնարկ, հարկ եմ համարում հանգամանորեն ներկայացնել պետական հոգածության չափը չարորակ նորագոյացությունների(ՉՆ) կանխարգելման, ախտորոշման, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժման, շարունանական հսկողության (դիսպանսեր հսկողություն), պալիատիվ բուժօգնության մասով:

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ՀՀ պետական բյուջեի Առողջապահություն բաժնի «11004 Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը 2025թվականին հատկացվել է 8,6 մլրդ.  դրամ, 2019 թվականին նույն միջոցառմանը հատկացումը եղել է շուրջ 2,9 մլրդ.  դրամ, իսկ դրան նախորդող տարիներին՝ կրկնակի պակաս: եթե այս գումարին էլ ավելացնենք դիսպանսեր հսկողության ուռուցքաբանական կաբինետին տրվող ֆինանսավորումը և մի քանի փոքր ծածկողականությամբ սքրինինգներին հատկացվող գումարները, ապա կստացվի շուրջ 9,9 մլրդ ՀՀ դրամ:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հիվանդությունների մահացության կառուցվածքում 20,7%, կազմող ՉՆ-երրի համար ֆիսկալ հատվածից հատկացվել է ընդամենը առողջապահության ուղղված գումարների 6 %-ը:

Հետևաբար, ավելորդ է խոսել պացիենտների գոհունակությունից, ծառայությունների որակից, պետական հոգածությունից:

ՀԻՇԵՑՈՒՄ

ՀՀ-ում 2023 թվականին աղքատության մակարդակը՝ հաշվարկված ըստ աղքատության միջին գծի  կազմել է 23.7%: Եթե սրան էլ գումարենք բարձր գնաճը, ապա  առողջապահական ծառայությունների ֆինանսական մատչելիությունը հատկապես` աղքատ բնակչության և սոցիալական առանձին խմբերի համար անընդհատական նվազում է, ինչն էլ աղետալի և աղքատամետ ծախսերի պատճառ է հանդիսանում:

ՉՆ-ով հիվանդ քաղաքացիները ներկայում հիվանդանոցային բուժօգնությունից օգտվում են հետևյալ ձևով.

  • Նախնական հետազոտություններ ախտորաշումը ճշտելու, իսկ հաճախ պարզապես հաստատելու համար՝ վճարովի, առնվազն000-500.000 ՀՀ դրամի սահմաններում,
  • Վիրաբուժական միջամտություն՝ հիմնականում պետական պատվերով,
  • Ճառագայթային թերապևտիկ բուժում Varian սարքով IMRT և/կամ VMAT մեթոդներով համավճարով, իսկ իրականության մեջ՝ հիմնականում վճարովի՝ 1,5-2.5 մլն ՀՀ դրամ:
  • Ով գումար չունի ստանում է ճառագայթային թերապևտիկ ավելի էժան և ոչ էֆեկտիվ բուժում Teragam սարքով, էլեկտրոնային արագացուցիչով և այլն: Այն  իրականացվում է պետական պատվերով:
  • Քիմիաթերապևտիկ բուժում՝ պետության կողմից000 և 300.000(սոց. խմբերին ) ՀՀ դրամ պետական մասնակցություն: Իսկ հատկապես իմունաթերապիայի ավելի նոր սերնդի դեղերով բուժումը առնվազն 3-5 մլն ՀՀ դրամ է ենթադրում:
  • Դիսպանսեր հսկողություն պոլիկլինիկաներում՝ իրականացվում է   պետական պատվերով, սակայն անհրաժեշտ դեղերը  հիմնականում  գնում է հիվանդը:
  • Պալիատիվ բուժօգնություն՝ գործում է սահմանափակ մասշտաբով, թույլ ծածկողականությամբ։

Հավելեմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պալիատիվ բուժօգնության պետական պատվերի համար  2-3 մահճակալ է առանձնացրած: Մնացածը՝  5 աստղանի հյուրանոցի օրավարձով է տրվում հիվանդներին:

Ահա այսպիսի իրավիճակով էլ գնում ենք դեպի ապահովագրություն:

2026 թվականից ի՞նչն է փոխվելու քաղցկեղով հիվանդ մարդկանց համար:

ՀՀ առողջապահության նախարարություն, Չարորակ նորագոյացությունների ռեգիստր գործո՞ւմ է։

Նիկոլ Փաշինյան, ըստ բանավոր հայտարարությունների քիմիաթերապևտիկ բուժման համար դեղերի մասով նախատեսված է ապահովագրության շրջանակներում փոխհատուցել 1.2 մլն. ՀՀ դրամ: Սա այս կարևորագույն, ֆինանսատար ծառայությանը կոսմետիկ/կարկատանային մոտեցում է:

Առաջարկ՝  հանձնարարեք ավելացնել: Իսկ ամենակարևորը՝ ավելացրեք ՉՆ սքրինինգների տեսակներն ու ծածկողականությունը և բարելավեք քիմիաթերապևտիկ, իմունաթերապևտիկ դեղերի  ներկրումը:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ներկայում առողջապահական ծախսերի շուրջ 84% ՀՀ քաղաքացին վճարում  է իր գրպանից», - գրել է Ծաղիկ Վարդանյանը։