Այսպես կոչված բամբուկից և այլ կենսանյութերից պատրաստված էկոլոգիական սպասքը, որը հաճախ գովազդվում է որպես պլաստիկի անվտանգ փոխարինող, կարող է սննդի մեջ արտազատել պոտենցիալ վնասակար քիմիական միացություններ։ Նման եզրակացության են եկել Պրահայի Քիմիական տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է «Food Control» ամսագրում։
Գիտնականները փորձարկել են կենսաքայքայվող սպասքի 33 նմուշ՝ բաժակներ, թասեր և մանկական հավաքածուներ, որոնք ձեռք են բերվել Չեխիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից։ Դրանց գրեթե մեկ երրորդը պարունակում է մելամին՝ արդյունաբերական միացություն, որը տաքացնելիս կամ թթվի հետ շփվելիս կարող է անցնել սննդի մեջ։
«Բնական արտադրանք» մակնշումը կարող է ծայրահեղ մոլորեցնող լինել։ Այս ապրանքների մեծ մասը մելամինաֆորմալդեհիդային խեժի վրա հիմնված պլաստիկ է՝ բամբուկի փոշու ավելացմամբ։ Նման համադրությունը արագացնում է պոլիմերի քայքայումը և ավելացնում է մելամինի արտազատումը, հատկապես տաք կամ թթվային ըմպելիքների մեջ», — պարզաբանել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Յանա Հայսլովան։
Փորձարկված արտադրանքներից վեցում մելամինի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորմը։ Գիտնականները գրանցել են դրա անցումը նույնիսկ սովորական ըմպելիքների մեջ՝ կիտրոնով տաք թեյի և նարնջի հյութի մեջ։
Թեև պլաստիկե սպասքի մեջ բամբուկի օգտագործումը ԵՄ-ում արգելված է 2021 թվականից, հետազոտողները նշում են, որ նման ապրանքները դեռևս ազատորեն վաճառվում են և հաճախ մակնշվում են որպես «100% բամբուկ» կամ «կենսաքայքայվող»։
Մելամինից բացի, վերլուծությունը հայտնաբերել է նաև այլ աղտոտիչներ՝ հացահատիկներից պատրաստված սպասքի մեջ թունաքիմիկատների մնացորդներ և բամբուկե արտադրանքներում՝ ախտահանող միջոցների հետքեր։
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտության արդյունքները լուրջ ազդակ են սպառողների համար։ Նրանք կոչ են արել ուժեղացնել հսկողությունն ու կենսասպասքի նկատմամբ ստուգումը՝ սանիտարական նորմերին դրանց համապատասխանության առումով, որպեսզի կանխարգելվեն առողջական ռիսկերը և անբարեխիղճ գովազդի դեպքերը։






