Հայաստանում 2025 թվականի 45-րդ շաբաթում արձանագրվել է SarsCov2-ի 8 դեպք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է 29 դեպք, ինչը 3.6 անգամ ցածր է։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 45-րդ շաբաթվա տվյալներով, Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ առաջնային բժշկական կազմակերպություններում գրանցվել է 5499 դիմելիություն, ինչը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույն մակարդակի վրա է։

«Նախորդ տարվա համեմատ մի փոքր բարձրացում ունենք՝ մոտավորապես 1.2 անգամ։ Այս տարի դիմելիությունը 5490 է, իսկ նախորդ տարվա 45-րդ շաբաթվա ընթացքում եղել է 4565։ Բացի այդ՝ թոքաբորբերով 440 դիմելիություն ենք ունեցել, որը նախորդ տարվա, ինչպես նաև նախորդ շաբաթվա համեմատ նույն մակարդակի վրա է մնացել, և դեպքերի 89.5 տոկոսը 0–18 տարեկաններն են»,– նշեց Հովհաննիսյանը։

Ըստ մասնագետի՝ հանրապետությունում արձանագրվել է «Հոնկոնգյան գրիպի»՝ գրիպ A-ի H3N2 ենթատեսակի 1 դեպք։ «Սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում, պացիենտներից ընտրանքային կարգով վերցված նմուշների լաբորատոր հետազոտության 1 նմուշում հայտնաբերվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ Դա նոր ենթատեսակ չէ, վաղուց կա։ Այս սեզոնի ընթացքում է առաջինն է հայտնաբերվել, այսինքն՝ հետազոտված դեպքերից այդ մեկն է արձանագրվել»,– նշեց Հովհաննիսյանը, հավելելով, որ հայտնաբերվել են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, պարագրիպի և կորոնավիրուսային հիվանդության SarsCov2-ի հարուցիչներ։ 

Նրա խոսքով՝ A-ի H3N2 ենթատեսակը սովորական սեզոնային գրիպի տեսակներից մեկն է, որը շրջանառվում է ամբողջ աշխարհում։

«Ոչ միայն H3N2-ը, առհասարակ՝ գրիպը այլ սուր շնչառական վարակներից տարբերվում է ավելի արտահայտված, լուրջ սկզբով։ Արտահայտված ավելի բարձր ջերմություն է լինում, հիվանդությունը սկսում է հանկարծակի, ընդհանուր թուլություն, հոդացավ, կարող է ինտոքսիկացիայի նշաններ լինել, և ավելի ուշ կարող է միանալ նաև քթահոսությունը, արցունքահոսություն, կոկորդի ցավ։ Վարակելիության առումով առանձնահատկություն չունի, բայց առանձնահատկություն կա, որ գրիպը ավելի բարդ է ընթանում, քան այլ շնչառական վարակները։ Դրա համար մենք միշտ հորդորում ենք, որ մարդիկ պատվաստվեն, հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցողները, տարեցները, հղիները, մինչև վեց տարեկան երեխաները՝ վեց ամսականից սկսած։ Նախորդ տարի ևս ունեցել ենք H3N2-ի դեպք շրջանառության մեջ»,– նշեց ՀՎԿԱԿ ներկայացուցիչը։