Որքանո՞վ են հայաստանցի կանայք պատրաստված հղիությանը եւ ծննդաբերությանը: Այս հարցի շուրջ խոսելիս մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը կանանց երկու խումբ է առանձնացրել:

Առաջին խմբի կանայք իրոք պարտաստված են հղիությանը՝ թե ֆիզիկապես, եւ թե՝ հոգեբանորեն. նրանք շատ հոդվածներ են կարդացել, գրագետ եւ տեղեկացված են,  լավ պատկերացնում են, թե ինչ է նրանց սպասում, իսկապես ցանկանում են երեխա ունենալ, իսկ հղիանալիս՝ պատասխանատվությամբ են մոտենում իրենց նոր կարգավիճակին:

Երկրորդ խմբի կանայք բոլորովին անպատրաստ են, եւ հղիությունը նրանց համար կարող է մեծ փորձություն լինել: Սովորաբար այս խմբում են երիտասարդ տարիքում՝ 16-18 տարեկանում հղիացած աղջիկները, ովքեր թեպետ ֆիզիկապես պատրաստ են հղիությունը կրելու եւ ծննդաբերելու, հոգեբանական պատրաստվածություն դեռ չունեն:

Գինեկոլոգի խոսքով, բարեբախտաբար, պատրաստված կանայք Հայաստանում այսօր ավելի շատ են, իսկ անպատրաստների եւ, մասնավորապես, 16-18 տարեկանում ծննդաբերողների թիվը բավական փոքր է:

Հոգեբան Սոնա Հարությունյանը իր հերթին նշել է, որ հոգեբանորեն պատրաստ լինելը կնոջ համար իրոք շատ կարեւոր է, քանի որ հղիությունը կնոջ համար յուրահատուկ կարգավիճակ է, որն ունի մի շարք թե ֆիզիկական, թե հոգեբանական առանձնահատկություններ:

Հոգեբանի խոսքով, կնոջ հուզական աշխարհընկալումը հղիության ընթացքում, մանավանդ՝ առաջին եռամսյակի ժամանակ, ավելի արտահայտված է դառնում. կինը դառնում է ավելի նյարդային, լարված, դյուրագրգիռ, մի շարք վախեր է ունենում: Պատրաստված կինը հեշտությամբ է դիմակայում բոլոր այս խնդիրներին, իսկ անպատրաստը կարող է չափազանց զգայուն դառնալ իր օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության հանդեպ, ավելորդ սթրեսներ ապրել, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ թե նրա հոգեբանական վիճակի վրա, թե՝ պտղի: