Կանոնավոր և զգալի քանակությամբ ալկոհոլի օգտագործումը «երիտասարդացնում» է ինսուլտը ավելի քան 10 տարով, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Հետազոտության տվյալներով՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով օգտագործել են օրական երեք կամ ավելի ալկոհոլային խմիչք, գլխուղեղի արյունազեղում են ունեցել՝ ավելի հաճախ, ավելի երիտասարդ տարիքում և միջինում ավելի ծանր ձևով, քան նրանք, ովքեր քիչ էին խմում կամ ընդհանրապես չէին խմում։ Ըստ Euronews-ի փոխանցման՝ ալկոհոլային խմիչքի տակ ուսումնասիրության մեջ հասկացվում է 10 միլիլիտր մաքուր էթանոլի դոզան, ինչը մոտավորապես հավասար է 350 միլիլիտր գարեջրի, 150 միլիլիտր գինու և 45 միլիլիտր թունդ ալկոհոլային խմիչքների հետ։

Ինսուլտի բարձր ռիսկից զատ՝ շատ ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ ավելի հաճախ են դիտվել գլխուղեղի մանր անոթների հիվանդության կամ ուղեղի մանր արյունատար անոթների վնասման նշաններ, ինչը մեծացնում է թուլամտության զարգացման ռիսկը։

«Մեր արդյունքները վկայում են, որ ալկոհոլի օգտագործումը ոչ միայն ավելացնում է ինսուլտի ծանրությունը, այլև արագացնում է ուղեղի մանր անոթների երկարաժամկետ վնասումը»,— իր հայտարարության մեջ ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Էդիփ Գուրոլը՝ Հարվարդի համալսարանի նյարդաբան։

Հետազոտությանը մասնակցել է 1600 չափահաս, ովքեր հոսպիտալացվել են ինսուլտով։ Նրանցից 104-ը դասակարգվել են որպես կանոնավոր խմողներ։ Նրանց տարիքը գլխուղեղի արյունազեղման պահին միջինում կազմել է 64 տարեկան, մինչդեռ ավելի քիչ ալկոհոլ օգտագործողների կամ ընդհանրապես չօգտագործողների մոտ այդ ցուցանիշը կազմել է 75 տարեկան։ Կանոնավոր խմողների մոտ 70 տոկոսով ավելի մեծ է եղել նաև ախտահարված գոտին, ասվում է հետազոտության մեջ։

Բժշկական թեստերը ցույց են տվել, որ շատ խմող մարդկանց մոտ հիվանդանոց ընդունվելիս նաև նվազել է արյան մեջ թրոմբոցիտների քանակը և բարձր է եղել զարկերակային ճնշումը, ինչը կարող էր ազդել ինչպես ինսուլտի ծանրության, այնպես էլ դրան հաջորդող վերականգնման վրա։

Հետազոտությունը որոշակի սահմանափակումներ ունի, հիմնականում այն, որ այն վերլուծել է հիվանդների վիճակը միայն միաժամանակյա կտրվածքով, այլ ոչ թե հետևել նրանց երկար ժամանակահատվածում։ Բացի այդ, նշվում է, որ մարդիկ կարող էին աղավաղել իրենց ալկոհոլային սովորությունների մասին տեղեկատվությունը կամ չհայտնել այն մասին, որ ավելի երիտասարդ տարիքում շատ են խմել։

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ արդյունքները ցույց են տալիս, որ ալկոհոլի օգտագործման սահմանափակումը կարող է բարելավել առողջ ծերացման և ուղեղի առողջության հավանականությունը։

«Ալկոհոլի օգտագործման կրճատումը կարող է ոչ միայն նվազեցնել հեմոռագիկ ինսուլտի ռիսկը, այլև դանդաղեցնել գլխուղեղի մանր անոթների հիվանդության զարգացումը, ինչը, իր հերթին, կարող է նվազեցնել կրկնակի ինսուլտի, կոգնիտիվ կարողությունների նվազման և երկարաժամկետ հաշմանդամության հավանականությունը»,— ասում է Գուրոլը։

«Կենսակերպի փոփոխության քարոզչությունը, օրինակ՝ ալկոհոլից հրաժարվելը, պետք է լինի ինսուլտի կանխարգելմանն ուղղված ջանքերի մաս, հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են բարձր ռիսկի խմբում»,— ասել է նա։