Հղիության ընթացքում կանանց մոտ բազմատեսակ վախեր կարող են ի հայտ գալ. օրինակ՝ վախ ծննդաբերությունից, ծննդաբերական ցավերից, հղիության ընթացքից, ինչպես նաեւ սեփական առողջության կամ երեխայի զարգացման հետ կապված վախեր: Ւնչպես հոգեբան Սոնա Հարությունյանն է նշել, շատերի մոտ առկա է նաեւ վախ, որ հղիությունը բացասաբար կազդի կնոջ արտաքի վրա, եւ նա իր հմայքը կկորցնի:

Իսկ ինչպե՞ս կարելի է այդ բոլոր վախերը հաղթահարել:

Հոգեբանի խոսքով, կարգավիճակն ընդունման եւ ճիշտ ընկալման տեսանկյունից առաջին հերթին կնոջ՝ հղիության նկատմամբ հոգեբանական պատրաստվածության մակարդակը, նրա անձնային հասությունն է կարեւոր:

Բացի այդ, գիտելիքները եւս կարեւոր են. եթե կինը իրազեկված է, թե ինչպես է ընթանում հղիությունը, ինչպիսի հոգեբանական, եւ ֆիզկական փոփոխություններ կարող են լինել, դա արդեն իսկ կարող է զերծ պահել նրան՝ ոչ համարժեք վախերից եւ դրանց պատճառով առաջացող անցանկալի սթրեսներից:

Վախերի առաջացման եւ դրանց հաղթահարելու գործում, հոգեբանի խոսքով, ծնողների մոդելը եւս կարեւոր դերակատարում ունի. մոր վարքային մոդելը սովորաբար փոխանցվում է աղջկան, եւ դրա հետ մեկտեղ կարող է նաեւ վախերի հանդեպ հակումը փոխանցվել:

Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն է նշել, եթե գիտելիքների եւ ճիշտ պատրաստվածության շնորհիվ հղի կնոջն, այնուամենայնիվ, չի հաջողվում վախերը հաղթահարել, հղիությունը վարող գինեկոլոգը կարող է նրան հոգեբանի մոտ ուղղորդել: Այսօր գրեթե բոլոր կլինիկաներում հոգեբաններ կան, եւ եթե նախկինում որոշ կանայք խույս էին տալիս նրանց օգնությանը դիմելու գաղափարից, ապա այսօր նման խնդիր չկա, եւ հոգեբանը կարող է օգնել հղիին՝ իր կարգավիճակն ընդունելու եւ բոլոր վախերը հաղթահարելու հարցում: