Նախադիաբետը ավանդաբար 2-րդ տիպի շաքարախտի զարգացումից առաջ միջանկյալ փուլ է համարվում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շատ մարդկանց մոտ այս գործընթացը կարող է հակառակ ուղղությամբ զարգանալ: Ավստրալիայի Դեյքին համալսարանի IMPACT ինստիտուտի գիտնականները պարզել են, որ գլյուկոզի մակարդակի կանոնավոր վիճակի վերադարձն ավելի քան 50%-ով նվազեցնում է հիվանդության զարգացման ռիսկը: Հետազոտությունը հրապարակվել է Diabetologia բժշկագիտական հանդեսում:

Մոտ երկու միլիոն ավստրալացու նախադիաբետ են ախտորոշել և նրանցից յուրաքանչյուր տասներորդն ամեն տարի անցնում է 2-րդ տիպի շաքարախտի: Այս վիճակը ոչ միայն վատթարացնում է կյանքի որակը, այլև հսկայական տնտեսական բեռ է ստեղծում. ըստ Diabetes Australia-ի, երկիրը շաքարախտի բուժման և բարդությունների վրա տարեկան մոտ 9,1 միլիարդ դոլար է ծախսում:

Նախկինում բժշկական ուղեցույցները հիմնականում կենտրոնացած էին նախադիաբետից շաքարախտի առաջընթացը դանդաղեցնելու վրա: Սակայն, ինչպես ցույց է տալիս Diabetologia բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը, այս ռազմավարությունը պետք է վերանայվի: Դիքինի թիմը հետևել է Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Ասիայից մոտ 8000 մարդու։

«Մարդիկ, որոնց հաջողվել է իրենց գլյուկոզի մակարդակը վերադարձնել բնականոն սահմանների, 2-րդ տիպի շաքարախտ զարգացնելու 51%-ով ավելի ցածր ռիսկ ունեին։ Դա նշանակալի տարբերություն է և հստակ նշան, որ նախադիաբետի վիճակի վերականգնումը հնարավոր է»,- նշել է հետազոտության հեղինակ Նաջմե Դավուդիանը։

Ազդեցությունը հատկապես արտահայտված էր նրանց շրջանում, որոնց սրտանոթային առողջության ցուցանիշները մնացել են կանոնավոր՝ արյան ճնշում, խոլեստերին, մարմնի քաշ և իրանի շրջագիծ։ Չծխողների և մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող մարդկանց շրջանում այդ ռիսկը նվազել է շուրջ  80-85%-ով։ Եվ հակառակը, նախադիաբետի վիճակում մնացած մասնակիցները կրկնապատկել են շաքարախտ զարգացնելու հավանականությունը, նույնիսկ եթե առողջության այլ պարամետրերը համեմատաբար բարենպաստ էին։

Գիտնականները կոչ են անում վերանայել բուժման մոտեցումները։ Առողջապահության ոլորտի մասնագետները պետք է ակտիվորեն աշխատեն արյան մեջ շաքարի մակարդակը նորմալ վիճակի վերադարձնելու և դրան առնչվող ռիսկի գործոնները վերացնելու ուղղությամբ։

«Սա լուրջ ազդանշան է։ Ժամանակն է դադարեցնել նախադիաբետը դիտարկել որպես շաքարախտի դանդաղ, բայց անխուսափելի ուղի,- ընդգծել է Դավուդիանը։ -Մենք պետք է սկսենք այն դիտարկել որպես շրջելի վիճակ»։

Հետազոտողները կոչ են անում թարմացնել կլինիկական ուղեցույցները, որպեսզի բուժման նպատակը լինի գլյուկոզի նորմալ մակարդակի վերականգնումը՝ միաժամանակ բարելավելով նյութափոխանակության ընդհանուր առողջությունը։