Գրեթե մեկ ամիս առաջ կեսարյան հատման ընթացքում գլուխ բարձրացրած բարդությունների հետեւանքով 45 րոպե առանց պուլսի մնացած կինն արդեն տուն է վերադարձել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գործող Boca Raton շրջանային հիվանդանոցից եւ, բժիշկների հավաստիացմամբ, կարող է լիովին ապաքինված համարվել, հաղորդում է FoxNews-ը:
Բուժհաստատության ներկայացուցիչների հաղորդմամբ, անձնակազմից երեք ժամ է պահանջվել՝ հազվադեպ բնույթ կրող բարդության՝ ամնիոտիկ հեղուկների էմբոլիայի ենթարկված կնոջը վերակենդանացնելու համար: Ավելին՝ նրանք արդեն պատրաստվում էին ծննդկանի մահն արձանագրել, երբ էկրանին սրտի աշխատանքի մասին վկայող տեղաշարժ է նկատվել: Այդուհանդերձ, չնայած պուլսի՝ 45-րոպեանոց բացակայությանը, կնոջ ուղեղին որեւէ վնաս չի հասցվել:
«Նա կենդանության նշաններ ցույց տվեց այն պահին, երբ պատրաստվում էինք մահվան ժամն արձանագրել», - նշել է բուժհաստատության ներկայացուցիչ Թոմաս Չակուրդան:
Մինչ այդ բժիշկներն արդեն վիրահատարան էին կանչել ընտանիքի անդամներին եւ զգուշացրել, որ այլեւս ոչինչ չեն կարող անել 40-ամյա Ռուբի Գրաուպերա-Կասսիմիրոյի համար:
Վերջինս արդեն լույս աշխարհ էր բերել իր միանգամայն առողջ դստերը, երբ ամնիոտիկ հեղուկներն արյան շրջանառություն էին անցել եւ, վակուում առաջացնելով, սրտի աշխատանքի կանգ հրահրել:
Թոմաս Չակուրդային գնահատմամբ, հիվանդանոցի անձնակազմը երկու հրաշքի է ականատես դարձել՝ մեկը կնոջ վերականդանացմանն է վերաբերում, մյուսն էլ՝ այն հանգամանքին, որ նրա մոտ ուղեղի որեւէ լուրջ վնասվածք չի առաջացել:
Բուժհաստատության ներկայացուցչի հաղորդմամբ, բժիշկներն էլեկտրական շոկի եւ սրտի փակ մերսման օգնությամբ են կնոջը վերակենդանացնելու փորձեր արել:
«Այսօր նրա վրայից առողջություն է կաթում», - նշել է Չակուրդան:
Բժիշկները որեւէ բացատրություն չունեն՝ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ եւ այն միայն աստվածային նախախնամության հետ են կապում:






