Կոլումբիական համալսարանի գիտնականներն օգտագործել են ձայնային ալիքները հեմատոէնցեֆալիկ պատնեշի ոչ ինվազիվ բացման համար՝ ուղեղի բնական «պաշտպանություն», որը սովորաբար խոչընդոտում է ուռուցքի մեջ դեղերի հայտնվելուն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine (STM) ամսագրում։
Տեխնոլոգիան, քիմիաթերապիայի համադրմամբ, թեստավորել են դիֆուզային միջնային գլիոմա ունեցող երեք երեխաների վրա, դա քաղցկեղի հազվադեպ եւ չափազանց ագրեսիվ տեսակ է, որը գրեթե միշտ հանգեցնում է մահվան։ Կենտրոնացված ուլտրաձայնը թույլ է տվել դեղերին հաջողությամբ հասնել ուռուցքներին՝ բարելավելով պացիենտների վիճակն առանց կողմնակի ազդեցությունների։
«Այժմ, երբ մենք համոզվել ենք երեխաների մոտ մեթոդի անվտանգության հարցում, կարելի է իրականացնել հետագա փորձարկումներն ուղեղի համար դեղերի ավելի բարձր չափաբաժիններով՝ հիվանդության վաղ փուլերում»,- նշել է մանկական ուռուցքաբան եւ հետազոտության ղեկավար Ստերգիոս Զախարուլիսը (Կոլումբիական համալսարանի դոցենտ)։
Չնայած որոշ ագրեսիվ ուռուցքների բուժման առաջընթացին՝ մանկական ուղեղի քաղցկեղի կանխատեսումը մնում է չափազանց ծանր. միջնային գլիոմայով պացիենտների մեծ մասն ապրում է ախտորոշումից հետո մեկ տարուց էլ պակաս: Հիմնական խնդիրը արյուն-ուղեղային պատնեշն է, որը պաշտպանում է ուղեղը տոքսիններից եւ վարակներից, բայց արգելափակում է քիմիաթերապիայի ազդեցությունը:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատնեշը կարող է անվտանգ թուլացվել՝ դեղերի մատակարարումը բարելավելու համար, ապա վերականգնվել: Այս արդյունքները հիմք են հանդիսանում նոր բուժման մեթոդի համար:
«Պրոցեդուրաների ընթացքում երեխաները կարող են հանգիստ գիրք կարդալ կամ խաղալ պլանշետով: Այն լիովին ոչ ինվազիվ է, անցավ եւ տեւում է ընդամենը մի քանի րոպե: Այս տեխնոլոգիան ունի մանկական քաղցկեղի բուժման մոտեցումը փոխելու եւ դժվար բուժվող ուռուցքներ ունեցող պացիենտների գոյատեւումը բարելավելու ներուժ»,- նշել են գիտնականները:






